Home / Հայաստան / «Վահե Ավետյան» խումբը պատրաստվում է Հանրային արդարության տրիբունալ ստեղծել

«Վահե Ավետյան» խումբը պատրաստվում է Հանրային արդարության տրիբունալ ստեղծել

Վահե Ավետյանի սպանության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նոր հանցագործության: Այս մասին ասված է «Վահե Ավետյան» հասարակական շարժման այսօր տարածած հայտարարության մեջ:

Շարժման անդամները նշում են, որ այդ հանցագործությունն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ և անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու, այլ հենց տառի կոպիտ և բացահայտ խախտումներով:

«Այս երկրորդ հանցագործությունը՝ տուժող կողմի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ և ապակողմնորոշող եզրակացության ներկայացնելը, սպանության հանգամանքները դիտավորյալ կերպով չբացահայտելը, խեղաթյուրելը և կոծկելը, հավանական մեղավորների մի մասի (ըստ հիմնավոր կասկածների` նաև հանցագործությանը տեղյակ և սպանության հրահանգ տված Ռուբեն Հայրապետյանի և նրա «թիկնազորի» անդամների մի մասի) պատասխանատվությունը բացառելը, տուժող կողմի փաստաբանների աշխատանքի խափանման ու ձախողման նպատակով նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելը, խիստ ընդգծված կերպով ցուցադրում է երկրում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի գործունեությամբ առաջացած արդարության ճգնաժամի կործանարար խորությունը», – ասված է հայտարարության մեջ:

«Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է, որ

Հայաստանում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ըստ նախաձեռնողների, Հանրային արդարության տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն.

– իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը,

– բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը.

– արդարադատության իրականացումից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհով, այսպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի` հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը:

Այսօր խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ խումբը սկսում է տրիբունալի ստեղծման աշխատանքները:

իևնույն ժամանակ նրանք գործող դատաիրավական մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում են կատարել Վահե Ավետյանի սպանության և նրա ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի լրիվ, համակողմանի ու անաչառ քննություն:

Հիշեցնենք, որ զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանն իր ընկերների հետ ծեծի է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: 12 օր անց Վահե Ավետյանը մահացել է հիվանդանոցում:

Տուժողի իրավահաջորդների փաստաբանները գործի նախաքննության ընթացքում միջնորդել են Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ՝ ենթադրելով, որ Ավետյանին և նրա ընկերներին ծեծելու հրամանը կարող է նա տված լինել: Նախաքննական մարմինը Հայրապետյանին գործում որպես կասկածյալ չի ներգրավել: