Home / Հայաստան / Խոսնակը խորհուրդ է տալիս Գյումրիի քաղաքապետի ընտանիքը թիրախ չդարձնել

Խոսնակը խորհուրդ է տալիս Գյումրիի քաղաքապետի ընտանիքը թիրախ չդարձնել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ  Լիլիթ Աղեկյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե օգոստոսի 27-ին Գյումրու ծայրամասային` «Գծի հետև» կոչվող թաղամասում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել ու կրակոցներ են հնչել: Epress.am-ի հետ զրույցում Աղեկյանն ասել է, որ ինքը՝ որպես «ակտիվ մարդ, ով ոտքով է քայլում», տեղյակ կլիներ, եթե նման բան պատահեր:

Քաղաքապետի  մամուլի խոսնակը նաև բացառել է Գյումրու քաղաքապետի որդու անմիջական մասնակցությունը վիճաբանությանը:

«Վարդան Ղուկասյանի որդին հանրապետությունում չէ, և ուղղակի զարմանալի է, թե որտեղից են վերցնում այդ ինֆորմացիան», – նշել է նա և խորհուրդ տվել քաղաքապետի ընտանիքը չներգրավել ինչ-որ հարցերի մեջ ու դարձնել թիրախ:

Աղեկյանը հրաժարվել է պատասխանել Ղուկասյանի որդու գտնվելու վայրի մասին հարցին:

«Դրանք խիստ անձնական հարցեր են, ու ոչինչ ասել չեմ կարող», – նշել է նա:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ «Գծի հետև» թաղամասում մի խումբ երիտասարդներ կրակել են միմյանց վրա Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո։

Ըստ քաղաքում պտտվող լուրերի՝ այդ հանդիպումը կազմակերպած մի խումբ երիտասարդները, ովքեր Գյումրու քաղաքապետի պաշտոնում մտադիր են պաշտպանել Բալասանյանի թեկնածությունը, նախկինում համագործակցել են ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Նշվում է նաև, որ քաղաքապետի որդին, ով Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև» է եկել` այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով: Հնչած կրակոցների մասին թերթին հաղորդել են վերոնշյալ թաղամասի բնակիչները:

Շիրակի մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում չեն հերքել Գյումրիում տեղի ունեցած միջադեպը, բայց մանրամասներ չեն հայտնել: Թերթը նշում է, որ նրանք, ըստ էության, նաև չեն հերքել, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ևս միջադեպին մասնակցել է: