Home / Տեսանյութեր / «Օրանժ Արմենիան» նոր գլխավոր տնօրեն ունի

«Օրանժ Արմենիան» նոր գլխավոր տնօրեն ունի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Orange Արմենիան հայտարարեց Ֆրանսիս Ժելիբտերի` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու և Բրունո Դյութուայի` ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենի մեկնման մասին, ով ղեկավարում էր Orange Արմենիան 2009թ. հունվարից ի վեր:

«Ես իսկապես խանդավառված եմ գալու Orange Արմենիա` երիտասարդ ու շատ դինամիկ ընկերություն, որը գործում է չափազանց մրցակցային շուկայում: Տպավորված եմ այն նախագծերով, որ Orange-ն իրականացնում է, և բարձր եմ գնահատում նորարարությունները լայն հանրությանը հասանելի դարձնելու ցանկությունը: Ոգևորված եմ այն մարտահրավերներով, որոնց պետք է հանդիպեմ` դարձնելու Orange Արմենիան է՛լ ավելի հաջողակ, է՛լ ավելի ուժեղ ու է՛լ ավելի սիրված»,- Ֆրանսիս Ժելիբտերի խոսքերն է փոխանցում ընկերության լրատվական ծառայությունը:

Վերջին 4 տարիների ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը զբաղեցրել է Ֆրանս Տելեկոմ Խմբի Եվրոպական շուկաների Գնումների և Մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ՝ 2003-2006թթ. ղեկավարել է  Orange Մոլդովա ընկերությունը, իսկ 2006թ-ից ստանձնել Ռուսաստանում Orange Բիզնես Ծառայություններ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի  պաշտոնը: