Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը հաստատում է. Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է Գյումրիի միջադեպին

Ոստիկանությունը հաստատում է. Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է Գյումրիի միջադեպին

ՀՀ ոստիկանությունն այսօր հաստատել է, որ օգոստոսի 24-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:

«Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու  քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ (հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը) և 235 հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով զենք կրելը):

Ոստիկանությունը նշում է, որ խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են բնակարանային խուզարկություններ, խուզարկվել են նաև «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային և «Ալեքսանդրապոլ» (ապտկանում են Վարդան Ղուկասյանի ընտանիքին – խմբ.) հյուրանոցային համալիրները, հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ:

«Զննվել են «BMW X5», « KIA» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել է երկու պարկուճ և մեկ գնդակ: Բերման ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք, որոնց հագուստներն առգրավվել են. դրանցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ», – նշում է ՀՀ ոստիկանությունը՝ ընդգծելով, որ առայժմ ձերբակալվել է Հարություն Հ.-ն, իսկ նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դեպքի մասին երեկ հաղորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ դրա մասնակիցն է եղել Սպարտակ Ղուկասյանը: Epress.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը հայտարարել էր, որ Սպարտակ Ղուկասյանը չի մասնակցել վիճաբանությանը:

«Վարդան Ղուկասյանի որդին հանրապետությունում չէ, և ուղղակի զարմանալի է, թե որտեղից են վերցնում այդ ինֆորմացիան», – նշել էր նա՝ խորհուրդ տալով քաղաքապետի ընտանիքը «չներգրավել ինչ-որ հարցերի մեջ ու դարձնել թիրախ»: