Home / Հայաստան / Սաքունցը կարծիք է հայտնել՝ ովքեր են «օլիգարխների կեղտոտ քամակը լվացող դայակները»

Սաքունցը կարծիք է հայտնել՝ ովքեր են «օլիգարխների կեղտոտ քամակը լվացող դայակները»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատավոր Ռուբեն Ափինյանին անվանել է «Ռուբեն Հայրապետյանի կեղտոտ քամակը լվացող դայակ»: Սաքունցը դա հայտարարեց լրագրողների հետ զրույցում անմիջապես դատական նիստից հետո, որի ընթացքում դատավորը մերժեց իրավապաշտպանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի:

«Հայաստանում, այսպես կոչված դատարանում, այսպես կոչված դատավորի մանտիա հագած դատավորը հանդիսանում է քրեական օլիգարխների կեղտոտ քամակը լվացող դայակ: Թող որոշեն, թե ում է վերաբերում դա, և իրենք հանդիսանում են դրանց սպասարկող, նրանց կեղտը մաքրողները:  Հրապարաակավ հայտարարում եմ՝ իրենք ակնհայտորեն կատարում են հանցագործություն ՀՀ Սահմանադրության, ՀՀ-ում արդարադատության նկատմամբ, հերթական  անգամ: Իմ նպատակն ի՞նչ էր՝ որ ֆիքսվեր, որ սնանկ է ՀՀ-ի դատարանը՝  իր դատավորներով: Բոլորը  հանցագործներ են, նման վճիռ կայացնողների հետ համաձայնվողները: Իսկ վճիռ կայացնողը նույնպես հանցագործ է, որովհետև ինքը որոշում է կայացնում  արդարադատության դեմ», – ասել է Արթուր Սաքունցը: Նա նաև նշել է, որ բողոքարկելու է այս դատավճիռը:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, հայտարարել է. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց, չգիտես ինչի, հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում՝ ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»: