Home / Տեսանյութեր / Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել հայ լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ. ոստիկանության պարզաբանումը

Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել հայ լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ. ոստիկանության պարզաբանումը

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում: Այս մասին ասված է ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ կառավարության որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա  ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետություն ժամանած  Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ: