Home / Հայաստան / Ալիևն իրավունք չուներ ներում շնորհել Սաֆարովին. ադրբեջանցի պրոֆեսոր

Ալիևն իրավունք չուներ ներում շնորհել Սաֆարովին. ադրբեջանցի պրոֆեսոր

Երկրի նախագահն իրավունք ունի ազատ արձակել միայն առանձին կատեգորիաների մեջ մտնող կալանավորներին: Ըստ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 82,2 հոդվածի՝ երկրի նախագահն իրավունք ունի ներում շնորհել այն հանցագործներին, ովքեր ազատազրկման հստակ ժամկետ ունեն (օրինակ, 3,5,10 տարի) կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ տեսակի պատիժ են կրում: Այս մասին ադրբեջանական Contact.az կայքում գրել է պրոֆեսոր Խանլար Ալիքպերովը՝ անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու Ալիևի որոշմանը:

«Սաֆարովը Գերագույն դատարանի կողմից ոչ թե հստակ ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, այլ ցմահ բանտարկության: Հաշվի առնելով այդ քրեական հանցագործության տեսակն ու ծանրությունը՝ ներում շնորհելու կարգը այլ է: Համաձայն Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 82,3 հոդվածի, ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել առնվազն 25 տարվա կալանավորմամբ:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի դեպքում իրավունք չուներ ամբողջությամբ ներում շնորհել Սաֆարովին: Առավելագույնը, որ նա կարող էր անել, դա 25 տարվա ազատազրկումն էր», – գրել է Ալիքպերովը:

Ըստ նրա՝ Ալիևի հրամանը հակասում է նաև ներում շնորհելու մասին իր իսկ կողմից  2001 թվականի հուլիսի 18-ին ստորագրված որոշման 8.4 հոդվածին, ըստ որի, ցմահ ազատազրկման դատապարտված անձին ներում շնորհելու հարցը կարող է քննարկվել միայն այն բանից հետո, երբ բանտարկյալը կրել է պատժի 10 տարին:

Հիշեցնենք, որ սպանությունն իրագործվել էր Բուդապեշտում, ուր հայազգի երկու սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։

2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: