Home / Հայաստան / Արոնյանը կրկին հաղթում է. Հայաստանը՝ առաջատար

Արոնյանը կրկին հաղթում է. Հայաստանը՝ առաջատար

Ստամբուլում անցնող Շախմատի օլիմպիադայի բաց մրցաշարում ընդամենը երկու ընտրանիներ 100 տոկոսանոց արդյունք ունեն: Այսօր կայացած 5-րդ տուրում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները նույն 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար ուկրաինացիներին և հունգարացիներին:

Հայաստանցիներին հաղթանակ բերեց առաջին տախտակին հանդես եկող Լևոն Արոնյանը, ով կարողացավ 42-րդ քայլին ստիպել հանձնվել Վասիլի Իվանչուկին: Սերգեյ Մովսեսյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմորյովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Պավել Էլյանովի հետ: Վերջինը իր պարտիան ավարտեց սպիտակներով հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը, ով միավորը կիսեց Ալեքսանդր Վոլոկիտինի հետ:

Ստամբուլում Լևոն Արոնյանի խաղը մասնագետների և երկրպագուների հիացմունքն է առաջացնում: Լևոնն անցկացրած 4 պարտիաներից 3-ում հաղթանակ է տարել, և միայն մեկում սևերով միավոր է կիսել ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ:

Հայաստանի կանանց հավաքականն այսօր պարտության մատնեց Անգլիայի ընտրանուն, սակայն վերջին երկու տուրերում կրած անհաջողություններն առայժմ թույլ չեն տալիս մեր թիմին միանալ առաջատարների խմբին: