Home / Հայաստան / Եթե Ադրբեջանը խաբել է Հունգարիային, վերջինս կարող է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Եթե Ադրբեջանը խաբել է Հունգարիային, վերջինս կարող է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Ռամիլ Սաֆարովի Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնմանը:

«Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը:

Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը՝ որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:

Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:

Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը», – ասված է հայտարարության մեջ: