Home / Հայաստան / Ի՞նչ է կատարվում Ախթալայի կոմբինատում. նախկին աշխատողը համարձակվել է պատմել (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ի՞նչ է կատարվում Ախթալայի կոմբինատում. նախկին աշխատողը համարձակվել է պատմել (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ախթալա քաղաքում լարված իրավիճակ է, սակայն այդ իրավիճակը ստեղծվել է ոչ նախընտրական օրերին և ոչ էլ այն ժամանակ, երբ պարզվեց, որ այդ արդյունաբերական քաղաքի հեղինակություն Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապիղծ է, գրում է ecolur.org-ը:

Կայքը Ախթալայում առկա խնդիրների մասին զրուցել է տեղի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին գլխավոր էներգետիկ Վլադիմիր Խիտարովի հետ:

«Միշտ էլ էս մեր հանքերում սիլիկոզը տարածված է եղել, թոքախտը տարածված է եղել, հանքերի աշխատող շատ մարդիկ թոքախտով հիվանդացել են: Հարստացուցիչ ֆաբրիկայում ջարդման արտադրամաս կա, ընդեղ 4 անկյուններում էլ օդամղիչներ կար, քաշում էր, բայց էն չէր կարում քաշի, որովհետեւ հանքաքարը ծանր է: Այ, երիտասարդներ են այնտեղ աշխատում, պարզ է, որ դա վնաս է: Ով որ կարողանում է, գնում է, որովհետև մանավանդ Սերոբի դեպքից հետո ասում են` ախթալեցի ես, քեզ գործի չեմ ընդունում կոմբինատում: Հիմա էնքան մարդ կա, Կիրովականից գալիս են, ստեղ վարձով ապրում են, աշխատում են: Ախթալայից մարդիկ կան, ինստիտուտ ավարտած, չեն աշխատում:

…Սերոբը էնքան մեղավոր չի, ինչքան մեր կառավարությունն է մեղավոր, որովհետև Սերոբը վարչապետի խորհրդատուն էր, Սերոբը ներքին գործերի վարչության անդամ էր: Էն ժամանակ վախում էին բոլորը Սերոբից. որտեղ գնում էր, պրեզիդենտի հետ նկարված, վարչապետի հետ նկարված, տեսնում էին ու արդեն ձեն չէին հանում, վախում էին: …1964 թվից ես մինչև 2006 թիվը աշխատել եմ հանքերի գլխավոր էներգետիկ: Իմ 63 տարի աշխատելուց հետո մի հասարակ բանի համար ինձ չազատեց, բայց թոշակի ուղարկեց, չնայած օրինական էր թոշակի գնալը: Նա ինձնից պահանջեց, որ հանքերի տնօրեն Ազատյանի դեմ սուտ ցուցմունք տամ: Նրան դատի էր տվել: Ասեցի` էդպես ցուցմունքներ ես չեմ կարա տամ: Ու ասավ, մենք իրար հետ էլ չենք աշխատի, ու ինձ թոշակի ուղարկեց: Գլխավոր տնօրենը պարոն Սերոբն էր: …Ազատվեցի աշխատանքից, ինձ 1 միլիոն 219 հազար աշխատավարձ չէր տվել: Մոտեցա իրան, ասում եմ` պարոն Սերոբ, իմ աշխատավարձը, նու, թոշակի ուղարկեցիք, օրինական է, բայց իմ աշխատավարձը: Ասավ` գնա Ազատյանից ուզի… Ես 6 թվից մինչև վաղը, այ վաղն էլ դատի եմ գնում, դատարաններով եմ հանում իմ աշխատավարձը…»,- պատմել է Խիտարովը:

Ecolur-ը նշում է, որ Վլադիմիր Խիտարովը միակ  մարդն էր, ով համարձակվել է պատմել այն մասին, թե ինչ է կատարվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Բնակիչնեերից ոչ մեկը չի ցանկացել խոսել տեսախցիկի կամ ձայնագրիչի առաջ:

Հարցին, թե ինչպես են բնակիչները գնահատում իրավիճակը, պատասխանել են՝ ամեն ինչ լավ է:

Սոցիալ-էկոլոգիական խնդիրների մասին կայքը զրուցել է նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ.

«Մեր խնդիրներն են օդի աղտոտվածությունը, որ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի ծուխն արդեն հասնում է մեր համայնք և պոչամբարների խնդիրը: Մեր համայնքում 2 պոչամբար կա փակված: Որքանով ես գիտեմ, դրանք նախագծով չեն ռեկուլտիվացվել, որն այդքան էլ անվտանգ չէ, և տեխնածին աղետների դեպքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Դրանից բացի, ունենք 2 ոչ համապատասխան վայրում տեղադրված թափոնակույտեր, պոչեր, որ դրանք պետք է տեղափոխեն պոչամբարի տարածք, գոնե պետք է այդ ռիսկերը կամ վտանգները հասցվեն մինիմալի, նաև պոչամբարները ռեկուլտիվացվեն, որ ապագա սերունդների համար դրանք հնարավորինս վտանգներ չառաջացնեն: Ամեն դեպքում մենք ներկայացրել ենք բնապահպանության նախարարությանը նշածս խնդիրները, և մտածում եմ՝ դրանք իրանց լուծումը կստանան»:

Տեսանյութերը և լուսանկարները՝ ecolur.org-ի