Home / Տեսանյութեր / ՀԱԿ-ը ԱԺ-ի հայտարարությանը կողմ է, բայց պատգամավորը Սաֆարովի հարցում շեղող հնարք է տեսնում

ՀԱԿ-ը ԱԺ-ի հայտարարությանը կողմ է, բայց պատգամավորը Սաֆարովի հարցում շեղող հնարք է տեսնում

Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ ԱԺ-ում քննարկված հայտարարության նախագծին, սակայն, Հունգարիային և Ադրբեջանին ներկայացված մեղադրանքներին գումարում է նաև մեղադրանք Հայաստանի իշխանություններին, քանի որ եթե իշխանությունները հետևողական լինեին, գոնե պարտավոր էին փորձել խուսափել տեղի ունեցածից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ հայտարարության մեջ արտահայտված վերաբերմունքի  խնդիրը ադեկվատ է և, ընդհանուր առմամբ, գնահատականը ճիշտ է, սակայն հստակ է, որ ժամանակը բավական էր, որպեսզի Հայաստանի իշխանությունները քայլեր ձեռնարկեին:

«Եթե քայլեր ձեռնարկեին, այսօր գոնե կգային այստեղ, կասեին՝ մենք արել ենք այսքան բան, չի ստացվել: Իսկ հիմա իրենք երես չունեն ուղղակի, որովհետև որևէ քայլ չեն արել, և այս քայլի պատասխանատվության իր բաժինն ունի այսօրվա իշխանությունը: Վստահ, գործադիրն իմացել է սրա մասին նվազագույնը 2 շաբաթ առաջ, և մեզ այստեղ անհանգստացնում է այս ոգևորությունը, հիստերիայի չափ հասնող այս արձագանքներն ու ելույթները՝ հերոսական, խրոխտ: Ես դրա մեջ վտանգ եմ տեսնում: Եվ Ադրբեջանի, և Հայաստանի հոխորտացումը կարող է բանակցային գործընթացը կասեցնել կամ խոչընդոտել բանակցային գործընթացին, իսկ դա արդեն  լուրջ դիվանագիտական, քաղաքագիտական մոտեցում չէ: Միշտ այսպես դրսից մի արձագանք է գալիս, մի դեպք է գալիս, և մերոնք ոգևորվում ենք, բոլոր քաղաքական, հասարակական, ադմինիստրատիվ, մամուլի միջոցներով այդ դեպքը սկսում են թոփ թեմա դարձնել, այն դեպքում, երբ այսօր Հայաստանի համար թոփ թեման դա չէ», – ասել է Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն ունի լրջագույն մարտահրավերներ, և Սաֆարովի թեման մեկ շաբաթ անց կմարի, իսկ մեծ խնդիրները կմնան:

«Այսինքն, ես այստեղ շեղող հնարք եմ տեսնում և վտանգավոր հնարք: Այդ հոխորտացող, հերոսական ձևացող հայտարարությունները մանկական են, տղայական են», – ասել է պատգամավորը: