Home / Հայաստան / Հայաստանի հավաքականները հաղթում են. Ռուսաստանը մոտենում է չեմպիոնի կոչմանը

Հայաստանի հավաքականները հաղթում են. Ռուսաստանը մոտենում է չեմպիոնի կոչմանը

Շախմատային Օլիմպիադայի 7-րդ տուրում Չինաստանից կրած պարտությունից հետո Հայաստանի ընտրանին մասամբ վերականգնեց իր դիրքերը՝ պարտության մատնելով Ուզբեկստանի ընտրանուն:

Առաջին և երկրորդ տախտակներին Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքիներ խաղացին հըամապատասխանաբար Ռուստամ Քասիմջանովի և Անտոն Ֆիլիպովի հետ: Երրորդ տախտակին Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հենց պարտիայի մեկնարկից առավելություն ստացավ Մարատ Ջումաևի նկատմամբ և այդ առավելությունը վստահորեն իրացրեց արդեն 31-րդ քայլին: Մեր 4-րդ ներկայացուցիչը՝ Գաբրիել Սարգսյանը բավական երկար պայքարեց Անդրեյ Կվոնի դեմ, սակայն 61-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել՝ ապահովելով 3:1 հաշվով վերջնական հաղթանակը:

Տուրի կենտրոնական խաղում կրկին փայլուն հանդես եկավ Ռուսաստանի ընտրանին՝ պարտության մատնելով Ուկրաինայի թիմին՝ 2,5:1,5 հաշվով: Հաղթական միավորը ռուսաստանցիներին բերեց նախկինում Ուկրաինայի հավաքականում հանդես եկող Սերգեյ Կարյակինը, ով սպիտակներով պարտության մատնեց Անդրեյ Վոլոկիտինին:

Ռուսաստանը 8 տուրում 7 հաղթանակ է տարել և ընդամենը 1 ոչ-ոքի խաղացել Հայաստանի հավաքականի հետ: Այժմ ռուսաստանցիները 15 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը, և, քանի որ նրանք խաղացել են իրենց հիմնական մրցակիցների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, ապա միայն ծայրահեղ անհաջող խաղը վերջին տուրերում կարող է խանգարել ռուսաստանցիներին նվաճել չեմպիոնի կոչումը:

Նրանց հետևում են Հայաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան և Ֆիլիպինները, որոնք 13 միավոր են վաստակել: Վաղը մեր թիմը մրցելու է Գերմանիայի ընտրանու հետ:

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաջող հանդես եկավ: Մեր թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Ռումինիայի ընտարնուն: Հայաստանցիներից հաղթեցին առաջին համարը՝ Էլինա Դանիելյանը, և 4-րդ տախտակին հանդես եկող Մարիա Կուրսովան:

Այժմ հայաստանցիները ևս 5 թիմի հետ 12 միավոր են վաստակել և զիջում են Չինաստանին (14 միավոր), Ռուսաստանին, Ֆրանսիային, Ուզբեկստանին և Հնդկաստանին (13-ական միավոր): Վաղը հայաստանցիները հանդիպելու են Իրանի հավաքականի հետ: