Home / Տեսանյութեր / Մեկ դեմ. Ազգային ժողովն ընդունեց հայտարարությունը

Մեկ դեմ. Ազգային ժողովն ընդունեց հայտարարությունը

Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին պատգամավորները 96 կողմ, 1 դեմ ձայների համամասնությամբ ընդունեցին Հունգարիայի կողմից Ադրեբջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայտարարությունը: Միակ դեմ քվեարկողը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր:

Ներկայացնում ենք հայտարարության մաբողջական տեքստը.

«2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու  և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`

–           Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

–           Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել  մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը,

–           Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը և այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում և հերոսացվում էր, ուստի և որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված  հանցագործությունները խրախուսելու համար,

–           Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաև կոչումների ու տարատեսակ պարգեւների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսևորում է միջազգային հանրության նկատմամբ,

–           Համարելով, որ այս հանցագործությունը հետեւանք է ադրբեջանական  իշխանությունների կողմից հետեւողականորեն քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով` Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի պատասխանատվությունը,

–           Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը  որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաև մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների և նորմերի ոգուն հակասող գործողություն .
Ազգային ժողովը հայտարարում է.

1. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետեւաբար Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները.

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած  հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը.

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում.

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի միջև 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը.

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների  համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները: