Home / Հայաստան / «Corrupistan». Foreign Policy-ն՝ Ալիևների հարստության մասին

«Corrupistan». Foreign Policy-ն՝ Ալիևների հարստության մասին

Ամերիկյան Foreign Policy պարբերականը սեպտեմբերի 5-ին «Corrupistan» խորագրով հոդված է հրապարակել, որը պատմում է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների իշխող ընտանիքների ունեցվածքի մասին:

«Ադրբեջանի նախագահական ընտանիքը իր կարողությունը ստեղծել է երկրի շահավետ նավթային սեկտորում: 1993 թվականին իշխանությունը զավթած նախագահ Հեյդար Ալիևի կառավարման օրոք նրա որդին՝ Իլհամը, երկրի նավթի 7 մլրդ բարելին տիրապետող SOCAR նավթային ընկերության փոխնախագահն էր: Երբ մահացավ Հեյդարը, 2003 թվականին  իշխանությունը փոխանցվեց Իլհամին՝ խիստ վերահսկվող ընտրությունների շնորհիվ»,- հոդվածից մի հատված է մեջբերում Contact.az ադրբեջանական կայքը:

«Ադրբեջանի օրենքները արգելում են իշխանական պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին, բիզնես ունենալ, սակայն ընտանիքի անդամների համար նման սահմանափակումներ չկան: «Սվոբոդա» ռադիոկայանի կողմից անցկացված հետաքննությունը Իլհամ Ալիևի երեխաների անուններով գրանցված օֆշորային ընկերությունների և էլիտար անշարժ գույքի երկար ցուցակ էր հայտնաբերել: Օրինակ, նրա 27 և 23 տարեկան դստրերը՝ Լեյլան և Արզուն, բառի բուն իմաստով ոսկու հանքի վրա են նստած: 2007 թվականին իշխանությունները International Mineral Resources Operating Company (AIMROC) ընկերությանն են փոխանցել Չովդար գյուղի մոտ գտնվող ոսկու հանքի 70%-ը: Պետությունն իրեն է պահել մնացած 30%-ը: Չովդարում 44 տոննա ոսկի և 164 տոննա արծաթ կա, որը 2,5 մլրդ. դոլար արժի: AIMROC-ին փաստացիորեն պատկանում են Պանամայում գրանցված երեք հոլդինգները, որոնք գրանցված են Լեյլայի և Արզուի անուններով:

Այլ հետաքննությունները նմանատիպ համակարգեր են հայտնաբերել արդյունաբերության այնպիսի ոլորտներում, ինչպիսին են հաղորդակցությունը, ավիացիան, բանկային համակարգը:

Washington Post-ի տվյալներով՝ նախագահի երեխաները միայն 75 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Դուբայում:

Լեյլա Ալիևան փորձում է բարելավել իր ընտանիքի իմիջը, որը արատավորված է  ընդդիմության հանդեպ բռնաճնշումների, բլոգերների և լրագրողների ձերբակալությունների պատճառով: Նա բարեգործական ակցիաներ է անցկացնում Հեյդար Ալիևի ֆոնդի շոնրհիվ, որտեղ նա փոխնախագահ է, հայտնում է պարբերականը: