Home / Տեսանյութեր / Մեղադրյալը մեղքն իր վրա է վերցրել. նախկինում նա պնդում էր, որ իրեն խոշտանգել են

Մեղադրյալը մեղքն իր վրա է վերցրել. նախկինում նա պնդում էր, որ իրեն խոշտանգել են

«Մոսկվա» կինոթատրոնից 5 միլիոն 80 հազար դրամի և 10 հազար ռուբլու գողությունը կազմակերպելու մեջ մեղադրվող 30-ամյա Ստեփան Հովակիմյանը երեկ դատական հերթական նիստի ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել:  Հովակիմյանն ասել է, որ սկզբում գողության մասին որոշումը կայացրել է Վահրամ Քերոբյանի հետ, սակայն հետագայում վերջինս Քերոբյանը փոշմանել է և իրեն թողել կինոթատրոնի չհրկիզվող պահարանի բանալիները:  Հիշեցնենք, որ ամբաստանյալի ընկերուհին աշխատել է կինոթատրոնում և նրա միջոցով է Քերոբյանը ստացել  բանալիները:

Խոստովանական ցուցմունքից հետո դատախազը նոր մեղադրանք է առաջադրել Հովակիմյանի դեմ, իսկ նրա հանցակիցը լինելու մեջ մեղադրվող Վահրամ Քերոբյանի  մասով մեղադրանքը հանվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ամբաստանյալները, որոնցից Քերոբյանը անմեղ ճանաչվեց, կալանավորված են արդեն 2 տարի: Հիշեցնենք, որ 2 տարի առաջ ձերբակալման համար դարձյալ հիմք էր հանդիսացել Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, ինչպես դատավարության ընթացքում պնդում էին պաշտպանները, կորզվել էր խոշտանգումների միջոցով:

Այս  մասով փաստաբանները հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ խոշտանգումներով տեղեկատվություն կորզելը  Մարդու իրավունքները կոնվենցայի խախտում է:

Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ լրացուցիչ մեկնաբանություններ կողմը կանի միայն մեղադրանքին ծանոթանալուց հետո՝  հաջորդ նիստի ժամանակ, որը կկայանա սեպտեմբերի 14-ին: