Home / Տեսանյութեր / Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործը հետաձգվեց

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործը հետաձգվեց

Ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ տուժողի իրավահաջորդի՝ Հայկի հոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը անկողնային հիվանդ է:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հայկի հայրը՝ Մովսես Խաչատրյանը:

Թեև դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունն ընդունվել է, սակայն Խաչատրյանը դատարանում այս անգամ էլ հնչեցրել է իր դժգոհությունն առ այն, որ ամբաստանյալների դեմ կիրառվում է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:

Տուժողի իրավահաջորդները դժգոհ են նաև մեղադրանքի հոդվածից և պահանջում են այս գործը կարճել և  նորը հարուցել՝ քրեական օրենսգրքի 376-ի երկրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով) և 130-ի երկրորդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Հիշեցնենք, որ  կողմը նաև նախորդ նիստի ժամանակ ինքնաբացարկ է հայտնել  դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին՝ պատճառաբանելով, որ նա գործը վարում է ՀՀ քրեական դատավարության օրենքի  և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմերի խախտումներով և փորձում է բժիշկներին հնարավորինս  մեղմ պատիժ տալ:

Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 20-ին: Դատարանը պետք է դիրքորոշում  հայտնի դատախազի ինքնաբացարկի միջնորդության մասին: