Home / Հայաստան / Սերգեյ Մովսեսյանը Հայաստանին չեմպիոնություն պարգևեց. 3-րդ հաղթական Օլիմպիադան (թարմացված)

Սերգեյ Մովսեսյանը Հայաստանին չեմպիոնություն պարգևեց. 3-րդ հաղթական Օլիմպիադան (թարմացված)

Ստամբուլում ավարտված Շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի հավաքականին: Ռուսաստանը հաղթեց Գերմանիային 3:1, իսկ Չինաստանը պարտվեց Ուկրաինային 1:3:  Հայաստանն ու Ռուսաստանը 19-ական միավոր վաստակեցին, և լրացուցիչ առաջին ցուցանիշով՝ Զոնենբորն-Բերգերի վարկանիշով, մեր թիմը առաջ անցավ մրցակցից՝ 397-ը 388,5-ի դիմաց: Գործակիցը հաշվելիս՝ թիմի մրցակիցների հավաքած միավորները բազմապատկվում են այդ մրցակցի դեմ խաղում թիմի վաստակած միավորների վրա՝ չհաշված ամենաթույլ մրցակցին: Հայաստանի դեպքում չհաշվեցին Բոլիվիայի դեմ առաջին տուրի խաղը, որն ավարտվել էր 3:1 հաշվով հօգուտ մեր թիմի: Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Լեհաստանի ընտրասնուն, և 16 միավորով տեղ զբաղեցրել լավագույն 6 թիմերի շարքում, ինչը նույնպես կարելի է հաջողություն համարել, եթե հաշվի առնենք, որ վարկանիշով հայաստանցիներն աշխարհում 8-րդն են: 17:27 Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականը շրջանցում է Ռուսաստանի ընտրանուն: Իր պատմության մեջ երրորդ անգամ Հայաստանի հավաքականը Օլիմպիական չեմպիոն է դառնում՝  Թուրին-2006, Դրեզդեն-2008, Ստամբուլ-2012: Սերգեյ Մովսեսյանի համար սա առաջին չեմպիոնությունն էր: 17:25 Հակոբյանն ու Պոլգարը ոչ-ոքի խաղացին: Հայաստան-Հունգարիա 2,5:1,5: 17:15 Ռուսաստանի կանանց հավաքականը նվաճում է Օլիմպիական ոսկին՝ լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով Չինաստանին: Ուկրաինան երրորդն է: 17:00 Շարունակվում է  Յուդիթ Պոլգար – Վլադիմիր Հակոբյան պարտիան: Շախմատային աշխարհի ուշադրությունը սևեռված է այս պարտիայի վրա: Լիարժեք հավասար դիրք է: Եթե ոչ-ոքի գրանցվի, կազմակերպիչները կսկսեն հաշվել Հայաստանի և Ռուսաստանի ընտրանիների լրացուցիչ ցուցանիշները: Իսկ ահա Լևոն Արոնյանին այլ երկրների, մասնավորապես, Պերուի շախմատիստները խնդրում են լուսանկարվել: 16:50 Ուկրաինան պարտության է մատնում Չինաստանին: Հաշիվն արդեն 2,5:0,5 է: Հայաստանի և Ռուսաստանի միջև կհաշվեն լրացուցիչ ցուցանիշները: 16:46 Ռուսաստանը հաղթում է Գերմանիային 3:1 հաշվով: 16:45 Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տարավ, սակայն Օլիմպիադայի պաշտոնական կայքում դեռևս արդյունքը չի գրանցված: 16:15 Սերգեյ Մովսեսյանը շարունակում է ճնշումը: 3 զինվորի առավելություն վերջնախաղում: 15:59 Սերգեյ Մովսեսյանը երկու զինվորի առավելություն ստացավ: Սա Օլիմպիադայի ոսկե պարտիան է: Չինաստան – Ուկրաինա խաղում 0,5:1,5, և ակնհայտ է, որ Չինաստանն այլևս հաղթել մրցակցին չի կարող, քանի որ չորրորդ տախտակին վերջնախաղում ուկրաինացի Պավել Էլյանովը զինվորի առավելություն ունի: 15:29 Սերգեյ Մովսեսյանը զինվորի առավելություն ստացավ: Այժմ Հայաստանի հաղթանակը կախված է նրանից: 15:25 Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Արկադի Նայդիչին: Ռուսաստան-Գերմանիա 2:1: 15:22 Լավ նորություններ հայաստանցիների համար Ուկրաինա-Չինաստան խաղից: Վասիլի Իվանչուկը առաջին տախտակին սպիտակներով հաղթեց Վան Հաոյին: Այժմ հայաստանցիներին հարկավոր է հաղթել Հունգարիային չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Երկու հայաստանցիներից ավելի լավ դիրք է ստացել Սերգեյ Մովսեսյանը Զոլտան Ալմաշիի հետ պարտիայում: 15:10 Գաբրիել Սարգսյանը սպիտակներով միավորը կիսեց Ֆերենց Բերկեշի հետ: Հայաստան-Հունգարիա 1:1: 14:40 Ռուսաստան-Գերմանիա ևս մեկ պարտիայում ոչ-ոքի գրանցվեց: 4-րդ տախտակին Յան Գուստաֆսոնը միավոր կիսեց Դմիտրի Յակովենկոյի հետ: Կրամնիկ-Նայդիչ և Կարյակին-Ֆրիդման պարտիաներում ռուսաստանցիներն առավելություն ունեն: Այս պահին հաշիվն է 1:1: 14:35 Լևոն Արոնյանը բավական ակտիվ վերջնախաղում իր շախերի շարքից հետո համաձայնեց միավոր կիսել Պետեր Լեկոյի հետ: 14:12 Բերկեշը հետ է բերում զինվորը, մրցակիցները նաև ֆիգուրներով փոխանակվեցին: Այժմ յուրաքանչյուրն ունի երկուական ֆիգուր և չորսական զինվոր: Միանգամայն հավասար վերջնախաղ, հավանական է ոչ-ոքին: 14:00 Սարգսյան-Բերկեշ պարտիայում գրոսմայստերները 24 քայլ են կատարել: Սարգսյանը զինվորի առավելություն ունի: 13:35 Առաջին տախտակին սևերով հանդես եկող Լևոն Արոնյանը փորձում է հակախաղ գտնել գրոհող Պետեր Լեկոյի դեմ: Երկրորդ տախտակին Սերգեյ Մովսեսյանն աննշան դիրքային առավելություն է ստացել Զոլտան Ալմաշիի հետ պարտիայում: Սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը հավասար դիրք ունի Յուդիթ Պոլգարի հետ պարտիայում: Սարգսյանը նույնպես դիրքային առավելություն ունի Ֆերենց Բերկեշի հետ պարտիայում: 13:06 Ռուսաստան-Գերմանիա խաղում առաջին ոչ-ոքին գրանցվեց: Երկրորդ տախտակին ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը սևերով միավորը կիսեց Իգոր Խենկինի հետ: 13:05 Հայաստանի հավաքականին չեմպիոն է դարձնում Չինաստանի ոչ-ոքին կամ պարտությունը և սեփական հաղթանակը: Վերջին տուրից առաշ առաջին լրացուցիչ ցուցանիշով մեր թիմը զիջում է Չինաստանին և առավել է Ռուսաստանից: 12:55 Ստամբուլում անցկացվող Շախմատային օլիմպիադայում մեկնարկել են վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի ընտրանին այն երեք թիմերի շարքում, որոնք իրական պայքար են մղում չեմպիոնի կոչման համար: Հայաստանցիները խաղում են Հունգարիայի ընտրանու դեմ, Չինաստանը՝ Ուկրաինայի, իսկ Ռուսաստանը՝ Գերմանիայի: Պարտիաները մեկնարկել են Երևանի ժամանակով 12:00-ին: