Home / Հայաստան / Եգիպտոսի նախագահը նախկին բռնապետից շատ իշխանություն ունի. սոցիալ-դեմոկրատները մտահոգ են

Եգիպտոսի նախագահը նախկին բռնապետից շատ իշխանություն ունի. սոցիալ-դեմոկրատները մտահոգ են

Անգամ պաշտոնանկ արված բռնապետ Հոսնի Մուբարաքը ժամանակին այսքան իշխանություն չուներ, որքան ներկայումս ունի նախագահ Մուհամեդ Մորսին: Այս մասին թուրքական Hurriyet պարբերականի հետ զրույցում հայտարարել է Եգիպտոսի Սոցիալ Դեմոկրատական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի (EGYSDP) ղեկավար Հուսեյն Գոհարը՝ մեկնաբանելով եգիպտական հեղափոխությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը:

Գոհարի խոսքով՝ իր կուսակցությունը պաշտպանում է Մորսիի՝ բանակի դեմ ուղղված քայլերը, սակայն մտահոգված է երկրում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների և կանանց իրավունքների հետ կապված խնդիրներով:

«Բանակի դեմ Մորսիի ձեռնարկած քայլերը ընդունելի են: Բայց մենք դեմ ենք հասարակական ինստիտուտների և երկրի առանցքային պաշտոնների իսլամականացմանը: Սա մեզ մտահոգող հիմնական խնդիրն է», – ասել է Գոհարը:

Նա նաև նշել է, որ Մորսիի իշխանության գալուց հետո փոխվել են իշխանամետ թերթերի և լրատվամիջոցների գլխավոր խմբագրերը: Ներկայումս ողջ լրատվական դաշտը «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ձեռքում է:

«Նրանք վստահ են, որ կորցրել են մարդկանց աջակցությունը և եթե հաջորդ ընտրություններն արդար անցնեն, մենք բոլորովին այլ արդյունքներ կտեսնենք»,- պարզաբանել է Գոհարը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն է «Մահմեդական եղբայրներին» առաջ մղում այն պաշտոններում, որ նրանք ներկայումս զբաղեցնում են: Այդուհանդերձ, նա նշել է, որ Մորսին քայլեր է իրականացնում Եգիպտոսը Արևմուտքից հեռացնելու համար:

«Ամերիկացիները շատ լուրջ դեր էին խաղում Մահմեդական Եղբայրներին առաջ մղելու հարցում: Նախագահական ընտրությունների ընթացքում ամերիկացի պաշտոնատար անձինք մեկը մյուսի հետևից այցելում էին Եգիպտոս: Նրանք միշտ կապի մեջ են եղել իսլամիստական Ազատություն և Արդարություն կուսակցության հետ և ակնհայտ էր, որ նրանք սատարում էին վերջիններին», -նկատել է Գոհարը: