Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական տվեց նախագահական ընտրություններին ընդառաջ (թարմացված)

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարական տվեց նախագահական ընտրություններին ընդառաջ (թարմացված)

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրաժարվել է իր պատգամավորական մանդատից: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» 5 տեղ էր ստացել, և ցուցակում առաջին համարի տակ գրանցված Րաֆֆի Հովհաննիսյանն անցել էր ԱԺ, սակայն մինչ այժմ չէր վերցրել իր պատգամավորական մանդատը:

Այսօրվա նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և եթե 15 օրվա ընթացքում «Ժառանգության» նախագահը դիմումը հետ չվերցնի, ապա հրաժարականը հաստատված է համարվում:

Առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում 6-րդ համարն է անկուսակցական Թևան Պողոսյանը, 7-րդն է Մասիս Այվազյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, իսկ 8-րդը Ստեփան Սաֆարյանն է՝ «Ժառանգությունից»:

Նշենք, որ «Ժառանգությունը» հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե «նախագահական ընտրություններին ընդառաջ հարգում է պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը»:

«Ժառանգության» քարտուղար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը կապված է նաև գալիք նախագահական ընտրությությունների հետ: «Ժառանգության» քարտուղարը չի բացառել, որ Հովհաննիսյանը ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը: