Home / Հայաստան / Զուրաբյանը հրաժարվել է մասնակցել որոշումների կայացմանը. դեմ է Դոնթի բանաձևին

Զուրաբյանը հրաժարվել է մասնակցել որոշումների կայացմանը. դեմ է Դոնթի բանաձևին

ԱԺ Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ-ի հանձնաժողովներում հայաստանյան պատվիրակության անդամների ընտրության ընթացքին: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ-ի համար շատ կարևոր է ներկայացուցիչ ունենալ ԵԽԽՎ-ի  2 հանձնաժողովներում՝ քաղաքական ու մարդու իրավունքների և իրավական, ինչին ամեն կերպ խոչընդոտել է Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ-ն, որոնք կիրառել են Դոնթի բանաձևը:

Նշենք, որ Դոնթի բանաձևի համապատասխան, ըստ խմբակցության անդամների թվի, յուրաքանչյուր խմբակցությանը տրվում են միավորներ: Քանի որ ամենից շատ միավորներն ունի ՀՀԿ-ն, հետո՝ ԲՀԿ-ն, նրանք հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու առաջնային ընտրության իրավունք են ստանում:

«Ես առաջարկում էի ոչ թե Դոնթի մեխանիզմով գնալ, այլ, նպաստելով ժողովրդավարության զարգացմանը, այլընտրանքային տեսակետների ներկայացմանը կիրառել հետևյալ սկզբունքը. առաջինը թող [հանձնաժողովն] ընտրի թեկուզ իրենց կեղծ մեծամասնությունը, երկրորդը՝ ընդդիմությունը: Եվ այս սկզբունքով գնանք առաջ», –  ասել է Զուրաբյանը՝ ընդգծելով, որ իր Դավիթ Հարությունյանը չի ցանկացել որևէ կոմպրոմիսի գնալ, որից հետո նա կայացրել է իր որոշումը:

Զուրաբյանը, այնուամենայնիվ, մասնակցելու է ԵԽԽՎ հայաստանյւան պատվիրակության աշխատանքներին: