Գլխավոր / Տեսանյութեր / Մահմեդականները գրավում են ԱՄՆ դեսպանատունը. կան զոհեր (Տեսանյութ)

Մահմեդականները գրավում են ԱՄՆ դեսպանատունը. կան զոհեր (Տեսանյութ)

Կահիրեում և Բենղազիում ԱՄՆ դեսպանատների վրա իրագործված հարձակումներից հետո այսօր նույնօրինակ գործողություններ են իրականացվել նաև Յեմենում: Երկրի մայրաքաղաք Սանայում Մուհամեդ Մարգարեի մասին պատմող նոր ֆիլմից վրդովված մահմեդականների ամբոխը փորձել է գրավել դիվանագիտական առաքելության տարածքը: Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել: Այս պահին դրությամբ կա մեկ զոհ, ըստ ամենայնի, նա ցույցի մասնակիցներից է:

Վիրավորվածների մասին հստակ տվյալներ չկան, որոշ աղբյուրների համաձայն, վնասվածք է ստացել շուրջ 50 մարդ: Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել: Հարձակումը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները պոկել են դեսպանատան արտաքին կողմի պատին փակցված դրոշը և այրել այն: Այնուհետև ԱՄՆ դրոշն այրել են նաև դեսպանատան տարածքում: Ականատեսների խոսքով՝ հարձակման է ենթարկվել նաև դեսպանատան առջև գտնվող պահակատան շենքը, կողքին կայանած մեքենաները հրդեհվել են:

Ցույցին մասնակցում են մի քանի հարյուր մահմեդականներ: Որոշ տվյալների համաձայն, 4000 ցուցարար է հավաքվել դեսպանատան մոտ:

Նշենք, որ այսօր կեսօրին Գերմանիայում ԱՄՆ հյուպատոսարանի վիզաների բաժնի աշխատակիցները տարհանվել են հաստատությունից այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը հյուպատոսարանի այցելուից անձնագիրը վերցնելուց հետո տարօրինակ հոտ է զգացել: Դա նրանց կասկածելի է թվացել, քանի որ այցելուն ալբանացի էր: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ահազանգը կեղծ է:

Ավելի վաղ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է ստացել ԱՄՆ-ի դեմ բողոքի ակցիաների անցկացման հավանականության մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել է դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ:

Բենղազիում ամերիկյան հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել իսլամիստների ամբոխի կողմից: Նրանց վրդովվեցրել էր համացանցում տարածված «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում սիրողական մակարդակի կինոմատոգրաֆիստների կողմից: Ֆիլմի հեղինակները մահմեդականներին և նրանց կրոնը ներկայացնում են ծայրահեղ բացասական լույսի ներքո, ինչը իսլամական աշխարհում դժգոհության հսկայական ալիք է բարձրացրել: