Home / Հայաստան / «Սաֆարովները Սերժ Սարգսյանի կողքը նստած են». մայրերը՝ նախագահականի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Սաֆարովները Սերժ Սարգսյանի կողքը նստած են». մայրերը՝ նախագահականի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացել են նախագահական նստավայր ու ակցիան շարունակել Բաղրամյան 26-ի դարպասների ճաղավանդակների մոտ: Նրանք պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանության իրական հանգամանքները և պատժել մեղավորներին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, չնայած ոստիկանների ջանքերին, մայրերը չեն հեռացել նախագահական նստավայրի դարպասների մոտից: Նրանք նշել են, որ եթե ոստիկանները փորձեն ճնշում գործադրել ու հեռացնել դարպասների մոտից, ապա  իրենք կշարունակեն ակցիան հենց փողոցի կենտրոնում:

Epress.am-ի հետ զրույցում բողոքող կանայք ասել են, որ Բաղրամյան 26 են եկել մեկ պահանջով՝ հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Բավական է, արդեն համբերության բաժակը լցվել է ու սարսափելի տհաճ է գալ այստեղ ու մնալ անպատասխան: Թող Սերժ Սարգսյանը դուրս գա ու ասի, որ մեր զավակները արժանի էին, որ սպանվել են, կամ լավ են արել, որ նրանց սպանել են: Մենք պատրաստ ենք ցանկացած պատասխանի, միայն թե դուրս գա ու կատարի իր խոստումը՝ ինչո՞ւ ու ինչի՞ց է վախենում: Նա մեզ խոստացել էր պատասխան տալ: Պահանջում են Սաֆարովին պատժել, այնինչ սաֆարովները Սերժ Սարգսյանի կողքը նստած են, ովքեր սպանել են մեր երեխեքին, երբ նրանք քնած են եղել, ինչպես Գուրգեն Մարգարյանը: Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է ու Ալիևը չէ, թող դուրս գա ու մեզ պատասխանի», – ասել է 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակել են վրդովված բողոքել՝ խոստանալով շարունակել խնդիրը բարձրացնել նաև 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ քարոզարշավի ժամանակ:

«Այսքանից հետո էլ Սերժը պատրաստվում է նորից վերընտրվե՞լ: Շուտով քարոզարշավը սկսվելու է, ու ի՞նչ խղճով է պատրաստվում նորից դուրս գալ ու  կոչեր անել: Խոստանում ենք ամենուր հետևել նրան ու խայտառակ անել բոլորի մոտ, բավական է արդեն», – ասել են բողոքող կանայք:

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիկցներին  է մոտեցել  ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ով զրուցել է ծնողների հետ ու հեռացել: Նա հարցրել է, թե արդյոք ծնողները պատասխան չեն ստացել, և տեղեկանալով, որ դա տեղի չի ունեցել, հեռացել է:

Ակցիայի վերջում ծնողներին մոտեցել է ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Հայկ Քոթանջյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված նրանից պահանջել են լուծում տալ խնդիրներին, ապա վերցրել Քոթանջյանի հեռախոսահամարը և սեփական համարները նրան են փոխանցել: Քոթանջյանն ասել է, որ «հիմա գործ ունի», բայց խոստացել է զանգահարել:

Հայկ Քոթանջյանի հետ զրույցի տեսանյութը տրամադրել է«Բանակն իրականում»նախաձեռնությունը

Ծնողները հեռացել են ՀՀ նախագահի նստավայրից՝ դարձյալ ոչ մի կոնկրետ պատասխան չստանալով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմում են ներկայացրել ԱԺ՝ իրենց որդիների սպանության գործերի արդար քննությունը ապահովելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: