Home / Տեսանյութեր / Պետությունը կվճարի մինչև նոյեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրություններ ստացած հարկատուների համար

Պետությունը կվճարի մինչև նոյեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրություններ ստացած հարկատուների համար

Մինչև նոյեմբերի 1-ը պետական և համայնքային ենթակայության բոլոր կազմակերպություններն ու հիմնարկները, նրանց այն աշխատողները, ովքեր ներկայացնում են հաշվետվություն հարկային մարմին, պիտի ստանան նույնականացման քարտեր և էլեկտորնային ստորագրություններ: Կառավարության նիստից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի Արտեմ Ասատրյանը:

«Մինչև նոյեմբերի 30-ը նախատեսվում է, որ արդեն բոլոր պետական մարմիններն իրենց բոլոր աշխատողների համար կներկայացնեն այդ գրանցման հայտերը, այսինքն իրենց աշխատողներին կգրանցեն պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում, որը ենթադրում է, որ 2013 թվականի հունվարից ուժի մեջ մտնելով եկամտահարկի մասին օրենքը՝ արդեն նախ կունենանք փորձարկված համակարգ, երկրորդ համպատասխան բազա: Մյուս խնդիրը, որ կառավարության որոշմամբ ամրագրված է, այն է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություններ և նաև իրենց այն աշխատակիցները, ովքեր, որ ներկայացնելու են այդ էլեկտրոնային ստորագրությունները՝ պետեկամուտների կոմիտեից կստանան համապատասխան գաղտնաբառն ու օգտվողի անունը, նրանց համար 2013 թվականի ընթացքում էլեկտրոնային ստորագրության սպասարկման համար վճարը կիրականացվի պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Նշենք, որ նույնականացման քարտի արժեքը 3000 դրամ է, ինչը Հանրապետության ներսում կարող է փոխարինել անձնագրին:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ հաշվետվությունները չներկայացնելու դեպքում գործատուն կկրի վարչական պատիժ:

Հիշեցնենք, որ էլեկտորնային ստորագրությունը պարտադիր է լինելու բոլոր հարկատուների համար 2013 թվականի հունվարից: Եկամտահարկի մասին նոր օրենքի համաձայն, երեք հարկատեսակների` գործատուի կողմից վճարվող սոցվճարի, աշխատողի կողմից վճարվող սոցվճարի և եկամտահարկի փոխարեն, գանձվելու է մեկ ընդհանուր հարկ` եկամտահարկ: