Home / Հայաստան / «Տիգրան, 4 տարի խոսում ենք էդ թեմաներով». Սերժ Սարգսյանը դժգոհ էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տիգրան, 4 տարի խոսում ենք էդ թեմաներով». Սերժ Սարգսյանը դժգոհ էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել է գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Հովսեփյանի եզրակացությամբ՝ գնումների համակարգում մասնակիցների կողմից թույլ են տրվում մի շարք երևույթներ, որոնք տարբերվում են գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջներից և սկզբունքներից: Լիազոր մարմինները լիարժեքորեն չեն իրականացնում իրենց պարտականությունները, իսկ պատվիրատուները բացի, իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարելուց, օգտվելով ենթաօրենսդրական բացերից, որոշ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ և թափանցիկ գնման ընթացակարգեր:

Սերժ Սարգսյանը, դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, այդ առնչությամբ ասել է.

«Էս առումով ես կառավարության աշխատանքը շատ բացասական եմ գնահատում, Տիգրան: Չորս տարի է քեզ հետ խոսում ենք էս թեմաներով, բայց պորցեսները շարունակվում են, գնում են»:

Նախագահն իր խիստ դժգոհությունն է արտահայտել բարձրացված խնդրում բոլոր պատասխանատուների աշխատանքից՝ ընդգծելով, որ արձանագրված երևույթները ինչպես պատասխանատուների կողմից ժամանակին արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցում թերացման, այնպես էլ գնումների գործընթացում պատվիրատու գերատեսչությունների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն են: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի տվյալ նախարարը կամ գերատեսչության ղեկավարը պատասխանատվություն վերցնի իր վրա, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանդիպման մասնակիցներին՝ յուրաքանչյուրն իր նախարարությունում, գերատեսչությունում խորհրդակցություններ հրավիրի և աշխատակիցներին հստակ բացատրի, որ նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու:

«Եվ առաջին հերթին հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնություններ», – դիմելով ներկաներին՝ ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է Սերժ Սարգսյանին, որ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերը կառավարությունում հանգամանորեն կքննարկվեն, և նախագահին կներկայացվի նշված խնդիրների լուծման միջոցառումների ժամանակացույց: