Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը խոսել է Սաֆարովի գործի և Սիրիայի մասին

Սերժ Սարգսյանը խոսել է Սաֆարովի գործի և Սիրիայի մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը:

Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գործին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի և արդարության վիժեցում:

«Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում:

Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը: Դա շատ կարևոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ:

Հանցագործին ներում շնորհումը, իսկ ըստ էության՝ արդարացումը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր հիմնարար սկզբունքներին և նպատակներին: Դա մենք չենք ասում, այլ այդ կազմակերպության անխտիր բոլոր ղեկավարները:

Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս: Զգալով միջազգային ճնշումը՝ այդ երկրի ղեկավարն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը՝ հրապարակային սուտը: Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ ևս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի՛ շնորհվել:

Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս: Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Շքերթ է, ստերի շքերթ: Սեփական ժողովրդին տեղեկատվական տևական բլոկադայի մեջ պահող հարևան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի: Ժամանակը ցույց կտա դա հնարավոր է, թե ոչ: Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում:

Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված և հեռահար աշխատանք: Հաջորդը: Դիվանագետների աշխատանքների ծրագիրը մեզ արդեն պարզ է և ընթացքի մեջ է: Միևնույն ժամանակ, կարծում եմ նաև, որ կառավարությունը, արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, պետք է մշակի ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի մեր բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաև աջակցել այս գործընթացին:

Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ և չենք հապաղելու: Ստորությունը և սուտը չեն անցնելու», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նադրադառնալով Սիրիայի զարգացումներին՝ նա ընդգծել է, որ Սիրիայի հայության համար փորձության պահ է:

«Այս վիճակը մեր բաց վերքն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ապրում ենք կողք կողքի և միասին երկար ճանապարհ ենք անցել: Սիրիայի ցավը` մեր ցավն է: Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տեղի ունեցողը` մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի: Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, և այլևս մարդիկ չզոհվեն մեր հարևան և բարեկամ Սիրիայում:

Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես` Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ և համակարգված, կարողանան համարժեք արձագանքել և որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում:

Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորեք ամենայն ուշադրություն և, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց:

Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում: Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն և նեցուկ դառնան նրանց», – նշել է Սերժ Սարգսյանը: