Home / Հայաստան / «Օգնիր եղբորդ». ՀՅԴ-ի նախաձեռնությունը՝ սիրիահայերի համար

«Օգնիր եղբորդ». ՀՅԴ-ի նախաձեռնությունը՝ սիրիահայերի համար

Սիրիահայերին օգնություն ցույց տալու համար ՀՅԴ-ն «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռություն է ստեղծել, որը հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը ուղարկելու է Սիրիա հոկտեմբերի սկզբին:

Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է հիմնադրամի նախաձեռնողներից, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Պարզ է, որ Սիրիայում իրականում գերտերությունների «բաժանիր, որ տիրես» սկզբունքն է գործում: Հայաստանի պատքն է՝ օգնել սիրիահայ համայնքին,  որպեսզի նրանք զգան մեր աջակցությունը: Մենք այս նախաձեռնությունը սկսել ենք, որովհետև, ցավոք, զգում ենք, որ համակարտությունը երկար է տևելու», – ասել է ԱԺ Վահան Հովհաննիսյանը:

Նա նշել է նաև, որ նախաձեռնությանը կարող են միանալ և արդեն միացել են անհատներ, ՀԿ-ներ, քաղաքական այլ կուսակցություններ: Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք արդեն այսօրվա ընթացքում հավաքել են 1 միլիոն դրամ:

Այն հարցին, թե նախաձեռնությունը ունի արդյոք պետական աջակցություն՝ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Սփյուռքի նախարարությունը ներգաղթյալներով է զբաղվում և հիմնադրամի հետ կապ չունի:

Հիշեցնենք, որ Սիրիայում ապստամբների և նախագահ Բաշար Ասադի ռեժիմին սատարող միավորումների միջև բախումները սկսվել են դեռևս 2011 թվականի մարտին: Մեկ և կես տարվա ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 27 հազար մարդ: