Home / Հայաստան / Ձևացնելն ավելի վատ է, քան չունենալը. Վարդան Օսկանյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Ձևացնելն ավելի վատ է, քան չունենալը. Վարդան Օսկանյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Հայաստանում ժողովրդավարությունը հաստատելու համար բավարար չեն «քաղաքական հարազատներին» սթափեցնելու կոչերը, այլ պետք է արդար ընտրություններ անցկացնել և  համակարգ ձևավորել, որտեղ իշխանությունները պատասխանատվություն կկրեն ոչ միայն յուրայինները, այլ ողջ ժողովրդի առջև:

Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին այսօր գրել է ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատության էր արժանացրել  ՀՀ վարչապետին պետական գնումների ոլորտում բացթողումների համար:

«Փաստ է, որ կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել: Բացթողումները միայն պետական գնումների ոլորտում չեն, այլ բոլոր ոլորտներում: Վարչապե՞տն է եղել անկարող, թե՞ նրան չեն թողել աշխատել. այս հարցի պատասխանը կարող է տալ ինքը՝ վարչապետը: Վտանգն այն է, որ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, երբ իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են», –  գրել է Օսկանյանը: