Home / Հայաստան / Երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող Գրիգորյանը մեղսունակ է ճանաչվել

Երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող Գրիգորյանը մեղսունակ է ճանաչվել

Մոսկվայում երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հայ Վադիմ Գրիգորյանը մեղսունակ է ճանաչվել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», փորձաքննությունը ցույց է տվել, որ իրեն մեղսագրվող գործողությունների պահին Գրիգորյանը գիտակցել է դրանց բնույթը և հասարակական վտանգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահ մարմինների ներկայացուցիչ Իրինա Գումեննայան հայտարարել էր, որ Գրիգորյանը «խոստովանական ցուցմունք է տվել»՝ հաղորդելով, որ աղջիկներին վերցրել է ավտոբուսի կանգառից, այնուհետև խաբեությամբ տարել նրանց անտառային տարածք, անգիտակից վիճակի հասցրել, բռնաբարել, իսկ ավելի ուշ սպանել է նրանց:

Գրիգորյանի զոհ դարձած Մարգարիտա Յուրկուսը և Օլգա Կրյաժևան կորել էին հուլիսի 13-ի գիշերը: Ամառանոցում հանգստացող աղջիկները ուշացել էին վերջին գնացքից և որոշել էին տեղ հասնել պատահական մեքենաներով: Ուսանողուհիներն այդ մասին հայտնել էին հարազատներին հեռախոսով, բայց տուն այդպես էլ չէին հասել: Խոշտանգված մարմինները հայտնաբերվել էին հուլիսի 14-ին:

Գրիգորյանի հետքին ընկնել հետաքննությանն օգնել են փողոցներում տեղադրված տեսահսկման սարքերը:

Ինչպես պարզել է հետաքննությունը, Գրիգորյանը մինչ այդ զանգահարել է տարբեր հեռուստաալիքների և մեկ միլիոն ռուբլու դիմաց խոստացել արժեքավոր տեղեկություններ հաղորդել հանցագործության մասին: Այդկերպ նա ցանկանում էր իր համար ալիբի ապահովել, մեղադրել անմեղ մեկին` միաժամանակ մեծ գումար աշխատելով:

Ձերբակալությունից հետո Գրիգորյանը շարունակել է պնդել, որ ընդամենը տեսել է սպանությունը: Իսկ երբ նրան հաղորդել են, որ հանցագործության վայրում նետված պահպանակներում կենսաբանական նյութ է հայտնաբերվել իր ԴՆԹ-ով, Գրիգորյանը հայտարարել է, որ սեռական հարաբերությունները սիրո վրա են հիմնված եղել:

Ավելի ուշ Գրիգորյանը խոստովանել է, որ սկզբում աղջիկներից մեկին փակել է մեքենայում, իսկ մյուսին տարել անտառ, որտեղ և իրականացրել է հանցագործությունը: Իսկ ավելի ուշ վերադարձել է երկրորդի հետևից: