Home / Տեսանյութեր / Հայաստանի Ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայաստանի Ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին  ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային  խորհրդական Ժան Միշել Կասբարյանին:

Աշոտյանը Ֆրանսիական համալսարանի  նոր ռեկտորին ներկայացրել  է աշխատանքային գերակայությունները:

«Ֆրանսիական համալսարանը Հայաստանի  լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ: Ես կարծում եմ, որ համալսարանում պետք է ավելացնել  գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլև արտերկրից ուսանողների ներգրավմանը: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում, Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,- մասնավորապես նշել է նախարարը՝ շեշետելով, որ  ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է նաև, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան:

Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ պատրաստակամ է նկատի առնել և աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը, հայտնում է ԿԳՆ պաշտոնական կայքը: