Home / Հայաստան / Սեֆիլյանը պահանջում է Հայաստանից դուրս բերել ռուս սահմանապահներին

Սեֆիլյանը պահանջում է Հայաստանից դուրս բերել ռուս սահմանապահներին

Օտարի շահերը սպասարկող ֆորպոստային քաղաքականության ընթացքին հանձնված հայաստանյան ստրկամիտ և անգործունակ քաղաքական վերնախավի, նրանց սպասարկող փորձագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի չնչին մասն է ըստ էության տեղյակ Հայաստանում առկա օտարերկրյա, տվյալ դեպքում` ռուսաստանյան ռազմական ներկայության պայմանների, կազմի, կառուցվածքի և խնդիրների մասին: Այս մասին այսօր Facebook-ի իր էջում գրել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջինս նշել է, որ ռազմական ներկայությունը բաղկացած է Ռուսաստանի Զինված ուժերի 102-րդ զորակայանից, ինչպես նաև այդ զորակայանի հետ որևէ կապ չունեցող` Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերից: Ռուսաստանյան զորակայանը և սահմանապահ ուժերը միանգամայն տարբեր խնդիրներ են կատարում:

«Զորակայանը Զինված ուժերի մաս է և կոչված է ռազմաքաղաքական դաշնակցության շրջանակներում Ռուսաստանի ռազմավարական շահերի իրացմանը զուգահեռաբար Հայաստանի Զինված ուժերի հետ միասին ապահովելու մեր ռազմական անվտանգությունը: Անշուշտ, մեր շահերին չեն համապատասխանում այն հանգամանքները, որ այդ զորակայանի պահպանման ծախսերի մի մասը հոգում է Հայաստանի Հանրապետությունը կամ, որ դրա ցամաքային ստորաբաժանումների ներուժը խորհրդանշական է, իսկ նրանց առկայությունը` ոչ ցանկալի և Հայաստանի ինքնիշխանության համար որոշակի վտանգ պարունակող: Մեզ համար ընդունելի է Ռուսաստանի բավարար ռազմական ներկայությունը ՀՕՊ-ի և ավիացիայի տեսքով` միջազգային պրակտիկայում ընդունված տեղաբաշխման պայմաններով», – գրել է Սեֆիլյանը:

Սեֆիլյանը գրում է, որ ոչ մի կերպ չի կարելի հանդուրժել այն երևույթը, երբ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորամասերը, լինելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների ռեզիդենտ ստորաբաժանումներ, ոչ միայն լեգալ և անվերահսկելի կերպով գործում են Հայաստանի տարածքում, այլև մենաշնորհյալի կարգավիճակով վերահսկում են Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատվածները և օդային տրանսպորտով տեղի ունեցող երթևեկությունը:

«Օտարից այսպիսի բացահայտ գաղութային կախվածությունը և նրա կողմից մեր ելումուտի ու մեր տան անցուդարձի նկատմամբ լիակատար վերահսկողությունը օր առաջ պետք է դադարեցվի: Ռուսաստանյան սահմանապահները պետք է անհապաղ դուրս բերվեն Հայաստանի տարածքից և սահմանի պահպանությունը պետք է հանձնվի Հայաստանի սահմանապահներին», – գրել է Սեֆիլյանը: