Home / Հայաստան / Դպրոցը թերանում է, բուհը գործազուրկներ է պատրաստում. Կրթության ոլորտը՝ անկախության 21 տարիներին

Դպրոցը թերանում է, բուհը գործազուրկներ է պատրաստում. Կրթության ոլորտը՝ անկախության 21 տարիներին

Epress.am-ը հարցրել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ՀՀ ԿԳ նախկին նախարար Աշոտ Բլեյանին կրթության բնագավառում անկախության 21 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին:

Հանրակրթությանը զարգացման որևէ ուղի չենք տվել անկախության տարիներին, այն շարունակվում է շարժվել սովետական դպրոցի իներցիայով, կարծիք է հայտնել Աշոտ Բլեյանը:

Դպրոցի պարտականությունները շարունակում են բաժանված լինել առարկաների միջև, դրանց տրված են այսպես կոչված ուսուցիչներին, ովքեր դպրոցը դարձրել են, Բլեյանի բնորոշմամբ, ժամանակավոր ոււղղիչ տներ, որոնք, քանի որ սովետական ռեժիմ էլ չունեն, չեն լուծում կրթական խնդիրը և դրա ձևակերպումը նույնիսկ չունեն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը կարծիք է հայտնել, որ չկա որևէ դպրոցի որակի չափման միավոր՝ միակ չափանիշը ուսուցչի դրած գնահատականն է, որին ոչ ոք չի հավատում: Իսկ այդ գնահատականի համար ստացված ինֆորմացիան երբեք գիտելիք չի դառնում, քանի որ կրրառելիություն չունի ու արագ մոռացվում է:

Ներկայացնելու համար հանրակրթական դպրոցի խնդիրը, որը, ըստ բանախոսի, կայանում է նրանում, որ այն քաղաքացի չի պատրաստում, Բլեյանն օրինակ է բերել երաժշտության դասավանդումը, քանի որ «երաժշտությունը ամենամաքուր հայելին է ցեղի»:

«Եթե անգամ կա որևէ փաստաթղթում գրված, բայց ո՞վ գիտի՝ ինչպես է երաժշտությունը դասավանդվում հանրակրթական դպրոցում, ով է դրա համար պատասխանատու, ինչ գործիքներ ունեն դպրոցները, քանի ժամ են  լսում ու ինչ երաժշտություն: Երգչախմբեր կա՞ն, թե ոչ: Ծնողներն էլ չունեն այդ պատվերը: Ո՞վ գիտի՝ քանի ծառ է կտրվել որևէ դպրոցում: Շաբաթօրյակը սովետ է: Հոգատարությունը ապրելակերպ չէ դպրոցականի համար: Նույնը նաև ընթերցանության մասին է: Երեխան կարդո՞ւմ է մի հետաքրքիր բան ամեն օր,  վերլուծո՞ւմ է կարդացածը: Թվանշանի համար է սովորում ու մոռանում շատ շուտ, քանի որ չի կիրառում»,- ասել է Բլեյանը:

Եզրափակելով՝ Բլեյանն ասել է, որ քաղաքացի կերտելու հարցում դպրոցը նույնքան է թերանում, որքան բուհը մասնագետ պատրաստելու հարցում, քանի որ բուհը պատրաստում է գործազուրկներ՝ խլելով մարդկանցից 4 տարի ու ֆինանսներ: