Home / Տեսանյութեր / Ոչ թե իշխանությունների բարի կամքով. Մամուլի ոլորտը՝ անկախության 21 տարիներին

Ոչ թե իշխանությունների բարի կամքով. Մամուլի ոլորտը՝ անկախության 21 տարիներին

Epress.am-ը հարցրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին մամուլի ոլորտում անկախության 21 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին:

Հայաստանի  Հանրապետության անկախության 21 տարիներին խոսքի ազատության առումով ունեցած առաջընթացը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, այլ ոչ թե իշխանությունների բարի կամքով, կարծիք է հայտնել Բորիս Նավասարդյանը:

«Ազատ մեդիայի իմիջ է փորձում ստեղծել մեր իշխանությունը: Վերջերս այդ ձգտումը ավելի վառ է արտահայտվում, քանի որ ուզում են խորացնել նաև հարաբերությունները միջազգային կազմակերպութունների հետ», – ասել է փորձագետը՝ նշելով, որ համեմատաբար ազատ պայմաններ էին տրվել հեռուսատեսությամբ ընտրարշավ անելու համար խորհրդարանական ընտրություններում, հեռուստաեթեր է տրամադրվել նաև «Ա1+» հեռուստատեսությանը:

Խոսքի ազատությունն անկախության գլխավոր ձեռքբերումն է, կարծիք է հայտնել Աշոտ Մելիքյանը:

Ըստ փորձագետի՝ անկախության առաջին տարիներին, ազատված խորհրդային գրաքննությունից, Հայաստանի մամուլը իսկապես անկախ է եղել:

«90-ականներին 13 ԶԼՄ-ներ փակվել են՝ հիմնականում ՀՅԴ-ի լրատվամիջոցներ, ավելի ուշ ճնշումներ ավելացան և 2002 թվականից ի վեր միջազգային կազմակերպությունների կողմից մեր մամուլը գնահատվել է որպես ոչ ազատ», – ասել է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ հեռուստատեսությունը կարող է անկախ լինել, դա ապացուցվել է մայիսին՝ նախընտրական ժամանակաշրջանում, երբ մի կետից իջեցված հրամանով բոլոր կուսակցություններին հավասար պայմաններ տրամադրվեցին, ու հետևաբար միայն իշխանությունների մեղքով է, որ այդ ազատությունն ընտրություններից հետո վերացավ:

Մելիքյանն ասել է, որ բնականաբար ամենամեծ ճնշումներին ենթարկվում է հեռուստատեսությունը, տպագիր մամուլը պատկանում է քաղաքական և տնտեսական  խմբերի, օնլայն ԶԼՄ-ները պետք է որ ազատ լինեն, սակայն իշխանությունը գայթակղիչ առաջարկներ է սկսել մտածել և ինտերնետային կայքերին էլ է փորձում վերահսկել: