Home / Հայաստան / Չկա սպորտի զարգացման հայեցակարգ. մարզական աշխարհը՝ անկախության 21 տարիներին

Չկա սպորտի զարգացման հայեցակարգ. մարզական աշխարհը՝ անկախության 21 տարիներին

Epress.am-ը մարզական վերլուծաբան Արմեն Նիկողոսյանին հարց է ուղղել անկախության 21 տարիներին սպորտի բնագավառում ստեղծված իրավիճակի, ձեռքբերումների և ձախողումների մասին:

Նիկողոսյանի խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորանկախ Հայաստանը ստացավ սպորտային ենթակառուցվածքների շատ լավ ժառանգություն` ստադիոններ, մարզասրահներ, մարզադպրոցներ, սակայն անկախության տարիների ընթացքում սպորտի զարգացման հայեցակարգի բացակայության հետևանքով այն գրեթե ամբողջությամբ փոշիացվեց:

«Մինչ այսօր էլ Հայաստանում չկա սպորտի զարգացման հստակ հայեցակարգ: Մասսայական սպորտն ու պրոֆեսիոնալ սպորտն ամբողջապես միախառնված են, այնինչ պետության հիմնական գործը մասսայական սպորտի զարգացումն է, նոր ենթակառուցվածների ստեղծումը, մասնագետների վերապատրաստումը, իսկ պրոֆեսիոնալ սպորտը բացառապես մարզական ֆեդերացիաների ոլորտն է: Անգամ հիմա` անկախության հռչակումից 21 տարի անց, մեր սպորտը գրեթե ամբողջապես ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ ղեկավարվում`հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից: Այս երկակի ղեկավարումը խանգարում է սպորտի զարգացման առաջընթացին, բերում ինչ-որ կիսատ-պռատ լուծումների, քանի որ հստակ չէ պետության, մարզական ֆեդերացիաների իրավունքներն ու պարտականությունները», – ընդգծել է փարձագետը:

Նիկողոսյանը նշել է, որ միակ մարզաձևը, որի հետ գրեթե առնչություն չունի պետությունը` ֆուտբոլն է. այն ֆինանսավորվում ու ղեկավարվում է բացառապես  մասնավոր կառույցների միջոցով:

«Որպես արդյունք` հենց ֆուտբոլում այսօր ունենք ամենակայացած ենթակառուցվածքները` մարզադպրոցներ, ստադիոններ, մեծ թվով ֆուտբոլ պարապողներ, արտերկրներում վերապատրաստված մասնագետներ ու որպես հետևանք` ապագայում կանխատեսելի հաջողություններ», – ասել է Նիկողոսյանը:

Անդրադառնալով շախմատի ոլորտին՝ նա նշել է, որ այստեղ հնարավոր եղավ պահպանել շարունակականությունն այն պարզ պատճառով, որ նախ շախմատ սիրել ու հովանավորել են Հայաստանի իշխանության ամենավերևներում գտնվող պաշտոնյաները, և նաև` շախմատը ավելի շատ ինտելեկտուալ խաղ է` սպորտի կանոններով, շախմատում անհրաժեշտ չեն ենթակառուցվածքներ: