Home / Հայաստան / Ադրբեջանը սադրում է. ԱՄՆ փոխպետքարտուղարը՝ Սաֆարովի մասին

Ադրբեջանը սադրում է. ԱՄՆ փոխպետքարտուղարը՝ Սաֆարովի մասին

Միացյալ Նահանգների համոզմամբ՝ Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների: Այս մասին անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին:

«Ադրբեջանի որոշումը, որով Սաֆարովին ներում շնորհվեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը, նրա հերոսացումը` այս ամենը մեզ լրջորեն անհանգստացնում է: Դա իրական սադրանք էր տարածաշրջում», – համոզված է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Գորդոնի խոսքով, սակայն, պաշտոնական Վաշինգտոնը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հունգարիայի իշխանությունների քայլերից է հիասթափված:

«Մենք հստակ ասել ենք, որ չենք հասկանում և ցավում ենք Հունգարիայի որոշման համար, որով Սաֆարովը ազատ արձակվեց», – ընդգծեց նա։

«Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ դեռ օգոստոսի 31-ին Սպիտակ տունը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ՝ նշելով, թե կատարվածի առթիվ հստակ պարզաբանումներ է պահանջել պաշտոնական Բաքվից ու Բուդապեշտից: Այսօր արդեն՝ այդ հայտարարությունից երեք շաբաթ անց, Գորդոնը խոստովանում է, որ ամերիկյան կողմը բավարարված չէ հունգարական ու ադրբեջանական իշխանությունների արձագանքից:

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, մեզ չի գոհացնում: Մեր կարծիքով՝ [Սաֆարովը] այն մարդն է, որ պետք է շարունակեր կրել իր պատիժը: Մենք պարզապես ցնցված ենք որոշ շրջանակներում հնչող փառաբանող հայտարություններից, որոնք ուղղված են մի մարդու հասցեին, ով դատապարտվելէ սպանություն կատարելու համար։ Այնպես որ, ես կարող եմ ասել` ոչ, մենք բավարարված չենք մեզ տրված պարզաբանումներից», – հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը։

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի համոզմամբ, ի դեպ, Սաֆարովի շուրջ վերջին զարգացումները է՛լ ավելի ապակայունացրեցին իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում:

«Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակը մեզ անհանգստացնում է: Լեռնային Ղարաբաղում որևէ առաջընթաց չկա, և դուք իրավացի եք, երբ նշում եք, որ այդ դատապարտված մարդասպան Սաֆարովի ազատ արձակումը է՛լ ավելի է մեծացրել առկա մտահոգությունները», – նշում է Գորդոնը` այնուհանդերձ, պաշտոնական Երևանին և Բաքվին կոչ անելով շտկել առկա իրավիճակն ու աշխատել «Մինսկի խմբի շրջանակներում»: