Home / Տեսանյութեր / «Խոսրովի արգելոցում» բնապահպանները որսի հետքեր են հայտնաբերել

«Խոսրովի արգելոցում» բնապահպանները որսի հետքեր են հայտնաբերել

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամները սեպտեմբերի 18-ին արշավի են գնացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, որտեղ հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն: Այս մասին նշված է նախաձեռնության անդամների կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ:

Նախաձեռնությունն ընդգծել է, որ տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, ինչը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:

«Այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է», -ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարել էր, թե որևէ մեկն առանց իր թույլտվության իրավուք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք:

«Մեր կարծիքով, արգելոցի տնօրենին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, պաշտոնից հեռացնելը և այլն, հարցին լուծում չի տալիս, քանի որ այս ամենի գլխավոր պատասխանատուն մնում է միայն ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարի. կամ վերջինիս վերահսկողական լիազորությունները թույլ են, կամ այս ամենը կատարվում է նրա թողտվությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Նախաձեռնության անդամները նշել են, որ սույն հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանության պետից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետից պահանջում են տեսանյութում առկա փաստի առթիվ անհապաղ հարուցել քրեական գործ և իրականացնել քննություն, քրեական պատասխանատվության կանչել՝ սկսած ՀՀ բնապահպանության նախարարից մինչև «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի տնօրինություն: