Home / Հայաստան / Տուգանվել են. մանկապարտեզում երեխաներին կարագի փոխարեն մարգարին էին տալիս

Տուգանվել են. մանկապարտեզում երեխաներին կարագի փոխարեն մարգարին էին տալիս

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է ուսումնասիրությունները մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում և բազմաթիվ օրինախախտումներ գրանցել:

«Վարույթի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել է հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզների գործունեությունը: Արդյունքում բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի, այլ կերպ ասած՝ խաբեության տասնյակ դեպքեր:

ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները  մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ  կամ մարգարին, որոնք թե որակական և թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Ավելին, որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպղեղ և այլն», – նշված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստել են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել՝ առանց մրցույթների  անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի:

ՏՄՊՊՀ-ը ներկայացրել է նար ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերությունների ցանկը.

Լուսաշխարհ ՍՊԸ, ԱԲԱՖ  ՍՊԸ , Սեար գրուպ ՍՊԸ, Երեքնուկ ՍՊԸ, Այգաբեր ՍՊԸ, Կրիստալ ՍՊԸ, Աբովյան Սիթի ՍՊԸ, Արմեն ԱՔԷ ՍՊԸ, Արարտ ՍՊԸ, Էթյունի ՍՊԸ, Ոսկե խարիսխ ՍՊԸ, Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ, Վոլոդյա Հովսեփյան ԱՁ,Կարապետ Կարապետյան ԱՁ, Վոլոդյա Փանոսյան ԱՁ, Մանուկ Մարգարյան ԱՁ, Նարինե Վիրաբյան ԱՁ, Նվեր Սևումյան ԱՁ, Ռիմա Տոնոյան ԱՁ, Ռիմա Մարգարյան ԱՁ, Երեմ Ասատրյան ԱՁ, Արամայիս Գևորգյան ԱՁ, Խանում Սիմոնյան ԱՁ, Արմեն Հովեյան ԱՁ, Արման Համբարձումյան ԱՁ:

Բոլոր տնտեսավարողների նկատմամբ որոշվել է կիրառել անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով: