Home / Հայաստան / Արտակ Նազարյանի գործը քննողը հանցավոր հրաման է կատարել, պնդում է տուժող կողմը

Արտակ Նազարյանի գործը քննողը հանցավոր հրաման է կատարել, պնդում է տուժող կողմը

Քննիչ Լևոն Պետրոսյանն ընդամենը կատարել է պատվեր, հանցավոր հրաման և հասկանում է, որ, ըստ օրենքի, այդ հրամանի համար, ցավոք, պատասխանատուն հենց ինքն է: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է 2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի  գործով տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչ Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը:  Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվել է վերոնշյալ քննիչը:

Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ իրենք այսօր միջնորդություն են արել՝ նշելով այն բոլոր աղաղակող անօրինականությունները, որոնք բացահայտվել են գործով քննիչի Լևոն Պետրոսյանի ցուցմունքով: Ավելի վաղ Մարտիրոսյանը հայտարարություն էր հրապարակել, որում նշել էր գործում առկա բացերը:

«Դա տուժող կողմին թույլ տվեց հայտարարել, որ նախաքննական մարմինը կատարել է հանցագործ նախաքննություն, սպանության բոլոր փաստերը, ակնհայտ աղաղակող փաստերը կոծկել է և միայն այդ հանցավոր ճանապարհով կարողացել է գործը ձևակերպել որպես ինքնասպանություն:  Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը լիովին հաստատեց տուժող կողմի մեղադրանքը, ապացուցվեց, որ գործը տարվել է  միտումնավոր կեղծ ուղղությամբ, քննություն չեն  կատարվել կարևոր փաստերից  և ոչ մեկով: Եվ  տուժող կողմը վերջնականապես համարելով,  որ կատարվել է  հանցավոր նախաքննություն՝  բացարկ հայտնեց  գործով մեղադրող Հարություն Հարությունյանին, որը հսկել է նշված նախաքննությունը», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Վաղվա նիստում կողմերը պետք է իրենց կարծքիները հայտնեն միջնորդության  վերաբերյալ:

Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ այսօրվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը քննիչի հարցաքննությունից հետո հայտարարել է, որ եթե այս ամենից հետո դատավոր Սամվել Մարդանյանը մերժի տուժող կողմի բացարկը, ապա՝ տուժող կողմը սա կդիտի որպես դատավորի կողմից հանցավոր նախաքննական մարմնի հանցագործությունները կոծկելու անհաջող փորձ:

«Դատվորը հայտարարեց, որ իրեն շանտաժի են ենթարկում  և ինքը շանտաժի չի ենթարկվի, իսկ տուժող կողմը հայտարարեց, որ դա ընդամենը զգուշացում էր դատավորին»,- ասել է Մարտիրոսյանը:

Քննիչի հարցաքննության ժամանակ և’ տուժող կողմը, և’ բոլոր ամբաստանյալների փաստաբանները լրացուցիչ հարցեր են տվել նրան: Մարտիրոսյանի խոսքով՝  իրենք ներկայացրել էին հանցագործության կոնկրետ փաստեր, բայց քննիչն  իրենց  ներկայացրած փաստերից որևէ փաստարկի կոնկրետ և հիմնավոր, կամ մոտավոր  պատասխան տալ չի կարողացել: