Home / Տեսանյութեր / «Ստանում ենք աղավաղված քաղաք». Ճարտարապետը՝ Կասկադի մոտ գտնվող շենքի վերնահարկի մասին

«Ստանում ենք աղավաղված քաղաք». Ճարտարապետը՝ Կասկադի մոտ գտնվող շենքի վերնահարկի մասին

Ճարտարապետների կողմից միշտ էլ բարձրացված է եղել Երևանի շենքերի  գեղագիտական հնարավորությունները չկորցնելու հարցը, ու, չնայած հարցի կարևորությանը, քաղաքի բազմաթիվ շենքեր՝ հատկապես 1950-60-ական թվականների, արդեն այլանդակվել ու խեղաթյուրվել են. հարկեր են բարձրացվել, ձեղնահարկի, տանիքի թեքության անվան տակ 1-2 հարկեր են ավելացվել, երկաթբետոնյա ամրություններ են արվել առանց այն էլ այդ նվազ կարողության շենքերի վրա, որոնք այնքան էլ հուսալի չեն:

Խոսելով Թամանյան 3 շենքի տանիքում կառուցվող վերնահարկի մասին՝ Еpress.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Եթե նման բան է արվում, ուրեմն նախևառաջ պետք է ամբողջ շենքը ամրացնել, որը չի արվում: Երբեմն նմանակում են կամ ուզում են նոր ճարտարապետություն անել շենքի վրա, ու դա ավելի վատ է: Կան բազմաթիվ կառույցներ, որոնք նմանեցնում են այդ շենքին, օրինակ՝«Պոնչիկանոցի» անկյունի հատվածը, որը լրիվ այլանդակված է», – նշել է Մինասյանն ու կարծիք հայտնել, որ «հնարավոր է մեր աչքերն այսօր արդեն սովորել են այդ այլանդակություններին»:

«Միանշանակ պարզ է, որ չի կարելի նման կառույցները թույլ տալ՝ ինչ-ինչ նկատառումներից նույնիսկ ելնելով: Այդ շենքերի հնարավորությունները, բազան այդքանն են ու եթե գնորդը շատ մեծ կարողություն ունի՝ կարող է գնալ մեկ այլ տեղ, հող վերցնել ու շենք կառուցել վերջին հաշվով», – ասել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ այսօր կոպտորեն խախտվում են լավագույն ճարտարապետների հեղինակային իրավունքները:

«Ցավալին այն է, որ սկզբում ասում են, թե շենքի արտաքին տեսքը չի փոխվելու, բայց հիմնականում այնպիսի հիմար լուծումներ են տալիս՝ ով ինչ ուզում անում է ու արվում են տարբեր ձեռագրերով: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքում չկա ճարտարապետական հսկողություն, այնինչ այդ հսկողությունը սահմանված է, սակայն հետևող չկա», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ վերջապես կա Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմը, որը չպետք է թողնի դա:

«Մենք ամեն ինչը յոլա ենք տանում՝ բառի արմատական իմաստով, այսինքն՝«այս մարդուն չմերժենք, այն մարդուն էլ չմերժենք, միևնույնն է՝ քաղաքը ինքը չի կարողանում ճիչ արձակել, քաղաքը ամեն ինչ տանում է, ու մենք կամաց-կամաց ստանում ենք աղավաղված քաղաք: Ինչ էլ ուզում է անեն, միևնույնն է՝ վտանգը մնում է, կոնկրետ Թամանյան 3 հասցեի շենքի մի թևը բարձրացած է լինելու, վաղը դիմելու է դիմացի շենքի բնակիչը ու ասելու է՝«որպեսզի այդ համաչափությունը պահենք, եկեք, այստեղ էլ կառուցենք», կողքինն ասելու է՝«քանի որ դրանք բարձրացել են, արի ես էլ բարձրացնեմ ու այդ շղթայական ռեակցիան շարունակ գնալու է ու չի կանգնելու»:

Նրա խոսքով՝ Թամանյան փողոցի շենքերի  շինարարությունը շատ ավելի վաղ շրջանի շինարարներ են արել, որը  քիչ թե շատ պահպանվում է և ուրիշ բան, որ դրանց տանիքները անխնամ են, ծածկերը փոխված չեն ու 20 տարուց ավել  է, որ ոչ ոք չի զբաղվում դրանց խնամքով:

«Ընդհանրապես ամբողջ քաղաքում է այդ վիճակը, բայց սա ամենևին չի նշանակում, որ կարելի է այդ շենքերի վրա հարկեր ավելացնել: Չգիտեմ, թե ինչո՞վ է պայմանավորված եղած շենքերի վրա հարկեր ավելացնելու այսքան մեծ տոկոս կազմող սովորույթը: Վտանգավորությունն էլ այն է, որ սա հիմք է դառնալու հետագա ավելացումների համար, այսինքն, եթե կողքինը կգա, կասի՝ «իրեն թողել եք, էդ ի՞նչ քաղաքաշինական նկատառումով ինձ չեք թողնում և այլն», – ասել է Ճարտարապետների միության նախագահը:

Նա բնական է համարել, որ, տվյալ պարագայում բնակիչներն առաջին հերթին անհանգստացած են իրենց շենքի ամրությամբ:

«Վերջապես մենք պետք է սովորենք «չէ» ասել, բաներ կան, որ չի կարելի անել: Կա նման տրամադրություն, թե մարդն իր տունն է սարքում, մարդն ուզում է գեղեցկացնել, սակայն այս բոլորը զուտ գեղեցիկ խոսքեր են, իսկ տակը բոլորովին այլ բան է ստացվում: Մարդն իր բնակարանն ավելացնում է՝ ի հաշիվ միջավայրի, քաղաքի, բնակիչների ու քաղաքաշինական կառուցապատման: Կան կանոններ ու «մերոնք» չեն կարողանում մերժել ու չգիտեմ՝ ինչո՞ւ. կամ այնպիսի անձնավորություններ են, որոնց մերժել չի լինում, ուրեմն այստեղից հետևություն՝ օրենքը երկու հարթության վրա է դրվում. կան մարդիկ, որոնք օրենքից դուրս են և կան սովորական մարդիկ, որոնք չեն կարող օրենքը խախտել», – եզրափակել է Մինասյանը:

Նշենք, որ երեկ Թամանյան 3 հասցեում գտնվող շենքի բնակիչներն ասել են, որ տանիքում վերնահարկ է կառուցում ՀՀ նախկին վարչապետ, Լոնդոնում բնակվող Արմեն Սարգսյանը: