Home / Հայաստան / ՊՆ-ն գնումների հարցում օրինակելի կլինի, Սերժ Սարգսյանին խոստացել է նախարարը

ՊՆ-ն գնումների հարցում օրինակելի կլինի, Սերժ Սարգսյանին խոստացել է նախարարը

ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների և հրամանատարների մասնակցությամբ, հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը:

Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները:

«Զեկույցում ներկայացված առաջին խնդիրը վերաբերել է մրցույթների թափանցիկությանը և մրցակցային միջավայրի ապահովմանը: Փաստացի մի շարք ցուցանիշները ներկայացնելուց հետո՝ վերահսկողական ծառայության ղեկավարն իր եզրակացության մեջ նշել է, որ դիտարկված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք: Ընդ որում, կան դեպքեր, երբ գործում են «ունիվերսալ» կազմակերպություններ՝ իրականացնելով և՛ սննդամթերքի, և՛ ավտոպահեստամասերի, և՛ վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաև շինարարության աշխատանքներ: Զեկույցի համաձայն, վերջին երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների կազմը գրեթե չի փոփոխվում», – ասված է նախագահականի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Զեկուցված երկրորդ խնդիրը վերաբերել է ՀՀ ՊՆ կարիքների համար ձեռքբերված ապրանքների և նույնանման ապրանքների շուկայական գների համեմատականին:

«Ընդգծվել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՊՆ-ի կողմից ապրանքների ձեռքբերման շուկայական գների վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2011թ. ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս վիճակն անհամեմատ շտկվել է, և մատակարարված ապրանքների արժեքը հիմնականում համապատասխանում է մեծածախ շուկայում նմանատիպ ապրանքների համար առաջարկվող արժեքին: Այնուհանդերձ, ըստ եզրակացության, որոշ ապրանքներ հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր գներով: Միաժամանակ, աշխատանքային խումբը գտել է, որ ռիսկային կարող են լինել ոչ միայն ապրանքների բարձր գները, այլև դրանց փաստացի քանակները և որակը», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ժամանակ ներկայացված հաջորդ խնդիրը վերաբերել է մրցույթներում հաղթող ճանաչված և ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած այն ընկերություններին, որոնք փոխկապակցված են որոշակի անձանց հետ:

Սերժ Սարգսյանն անթույլատրելի է համարել գնումների գործընթացում պետության սուղ միջոցների և զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները:

«Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Ե՛վ պաշտպանության նախարարը, և՛ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երևույթների դեմ պայքարում են՝ վաղը, մյուս օրը խնդիրներ չունենան», – ասել է Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ երբ գումարտակի, վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ իրենից վերև ղեկավարները պաշտպանում են այն մարդկանց, ովքեր անկեղծ են, իրավիճակն այլ կլինի և կազդի բարոյահոգեբանական ամբողջ մթնոլորտի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է ՀՀ նախագահին, որ այսուհետ նախարարության կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ ավելի հետևողական կլինեն և, նախագահի հանձնարարության համաձայն, առավել կխստացնեն հսկողությունը ներկայացված գործընթացի բոլոր փուլերի՝ մրցույթների կազմակերպման և գնագոյացման, ձեռքբերված ապրանքների մատակարարման ու ընդունման-հանձնման ուղղությամբ:

«Պարո՛ն նախագահ, աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել և ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում», – ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: