Home / Հայաստան / «Ես գեյ և մահմեդական եմ» ֆիլմը հանվել է միջազգային փառատոնի ծրագրից

«Ես գեյ և մահմեդական եմ» ֆիլմը հանվել է միջազգային փառատոնի ծրագրից

Հոլանդացի ռեժիսոր Քրիս Բելոնի «Ես գեյ և մահմեդական եմ» ֆիլմը, որի ցուցադրությամբ նախատեսվում էր ավարտել Մարդու իրավունքների մասին վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, հավանաբար կհանվի ծրագրից: Փառատոնն անց է կացվում Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում:

2012 թվականին Մարոկոյում նկարահանված 59 րոպեանոց վավերագրական ֆիլմը Բիշկեկի դատարանի կողմից էքստրեմիստական է ճանաչվել:

Ֆիլմի ցուցադրությունն արգելելու խնդրանքով դատարան էր դիմել հոգևորական Ռախմատուլո աժի Էգեմբերդիևը, ով համարում է, որ վավերագրական ֆիլմը «իսլամը ոչ բարենպաստ լույսի ներքո է ներկայացնում և այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր ընդհանուր առմամբ ոչ մի կապ չունեն կրոնի հետ»: Կրոնական հարցերով պետական հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն է տվել այն մասին, որ ֆիլմը կրոնական թշնամանքի հրահրման և մահմեդականների նսեմացման տարրեր է պարունակում:

Սակայն, ինչպես հայտնել է միջազգային փառատոնի կազմակերպիչներից Տոլեկան Իսմաիլովան, ով միաժամանակ «Քաղաքացիները կոռուպցիայի դեմ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարն է, «մենք կցուցադրենք «Ես գեյ եմ և մահմեդական» ֆիլմը»:

Նրա խոսքով՝ Պետական կոմիտեի եզրակացությունը փորձագիտական չէ: Բացի դա, գործը քննվել է առանց պատասխանող կողմի: Այդ իսկ պատճառով Պետական կոմիտեի գործողությունները ապօրինի են:

«Մեզ ասում են, որ եթե ցույց տանք ֆիլմը, մեզ կդատեն: Մենք չպետք է արմատականներին տեղի տանք: Մենք չենք կարող չխոսել որոշ խմբերի խնդիրների մասին, այդ թվում՝ միասեռականների, որոնք ապրում են մեր մեջ և ունեն նույնքան իրավունքներ, որքան մենք»,-հայտարարել է իրավապաշտպանը:

Վավերագրական «ես գեյ և մահմեդական եմ» ֆիլմը նվիրված է իսլամական աշխարհում միասեռականների իրավունքների խնդրին: Ֆիլմի ստեղծման նպատակով ռեժիսոր Քրիս Բելոնին 2011 թվականի մեծ մասը Մարոկոյում է անցկացրել: Այստեղ միասեռականությունը օրենքով է դատապարտվում:

Ֆիլմը պատմում է նույնասեռականների մասին, ովքեր կյանքի ընթացքում զբաղվում են կրոնի և իրենց սեռական ինքնության ուսումնասիրությամբ: Տղամարդիկ տեսախցիկի առջև կիսվում են իրենց անձնական ապրումներով, բացահայտ կերպով խոսում են միասեռական սիրո մասին, և պատմում այն մասին, ինչպես են թաքցնում իրենց կյանքի գաղտնի կողմը:

«Կրոն, իրավունք և քաղաքականություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Կադիր Մալիկովի խոսքով՝ նման ֆիլմի ցուցադրությունը կարող է սադրել Ղրղզստանի մահմեդական հանրությանը:

«Միգուցե ֆիլմի հեղինակը նպատակ չունի վիրավորելու մահմեդականների կրոնական զգացմունքները, սակայն ֆիլմում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը անընդհատ կապվում է իսլամի հետ… Ֆիլմում հիշատակվում է Մուհամեդ մարգարեի գեյ-ժառանգի մասին, և որ դա նորմալ երևույթ է»,-նշել է Մալիկովը: