Home / Տեսանյութեր / Աշխարհաքաղաքականությունը կացնի դեմ. ինչու էր հունգարացի վարչապետը Վրաստան այցելել

Աշխարհաքաղաքականությունը կացնի դեմ. ինչու էր հունգարացի վարչապետը Վրաստան այցելել

Սեպտեմբերի 26-27-ին Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի այցը Վրաստան նշանակալի էր նրանով, որ կատարվեց Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ (ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 1-ին), ինչպես նաև անմիջականորեն կապված էր վերջերս տեղի ունեցած դիվանագիտական միջադեպի հետ, որը Հունգարիայի համար միջազգային սկանդալի վերածվեց: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության եվրոպական հարցերով վերլուծաբան Դմիտրի Սեմուշինը՝ վերլուծելով Օրբանի այցը Վրաստան, որի ընթացքում վերջինս պաշտպանել էր Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը առաջիկա ընտրություններում:

Վերլուծաբանը նշում է, որ հունգարական ԶԼՄ-ներում Օրբանի այցը անմիջականորեն կապում են Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստի առնչությամբ ծավալված միջազգային սկանդալի հետ:

«Սաֆարովի ազատ արձակման հետ կապված միջադեպը սրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը: Հունգարիայում հենց սկզբից հասկանում էին տարածաշրջանում «կացնով մարդասպանի» ազատ արձակման քաղաքական հետևանքները, և, այդուհանդերձ, չի անցել անգամ մեկ ամիս Սաֆարովի ազատ արձակումից, երբ հունգարացի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով անմիջական պատասխանատվություն է կրում Հունգարիայի հեղինակության վրա անդրադարձած դիվանագիտական սկանդալի համար, հայտնվել է Վրաստանում, որը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հարևանությամբ է: Հունգարական առաջատար Népszabadság պարբերականում Օրբանի այցը, որը տեղի էր ունենում Սաֆարովի հետ սկանդալի լույսի ներքո, որպես սադրանք են որակել: Հունգարացի վարչապետին ուղիղ հարց էր տրվում. «Աշխարհաքաղաքականությունը կացնի դե՞մ»,-վերլուծելով հունգարական ԶԼՄ-ներում տեղ գտած հոդվածները գրում է Սեմուշինը:

Նույն Népszabadság պարբերականը նշում է, որ Վրաստանի հանդեպ Օրբանի նման հետաքրքրությունը պայմանավորված է նախ էներգետիկ շահերով: Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության պայմաններում կասպիան էներգակիրների փոխադրումը կարող է իրականացվել միայն Վրաստանի տարածքով: Մասնավորապես, խոսքը գնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյխան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարների մասին: Հունգարական կողմը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Վրաստանը իրեն ադրբեջանական գազով է ապահովել երկարաժամկետ պայմանագրերով՝ առաջիկա 20 տարիների համար:

«Այսպես Անդրկովկասում էներգակիրների դիվերսիֆիկացմամբ մտահոգ հունգարական կառավարության աշխարհաքաղաքական հաշվարկները ավելի ծանրակշիռ են, քան «Սաֆարովի կացինը»»,-եզրափակում է վերլուծաբանը: