Home / Հայաստան / Խաբված բնակարանատերերը դիմելու են Վարչական դատարան. դժգոհ են ՀՀ ոստիկանապետից

Խաբված բնակարանատերերը դիմելու են Վարչական դատարան. դժգոհ են ՀՀ ոստիկանապետից

Բուզանդի, Արամի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը պատրաստվում են դիմել Վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Բնակարանատերերը Գասպարյանի գործունեությունը որակում են որպես պաշտոնական անգործություն, քանի որ նա չի կատարում օրենքով նախատեսված իր պարտականությունները: Այս մասին Еpress.am-հետ զրույցում ասել է տուժած բնակիչներից մեկը՝ Սոնա Մաղաքյանը:

Նա ընդգծել է, որ ոստիկանապետը վերջերս անընդհատ հավաստիացնում է ժողովրդին, թե անձամբ ամեն ինչ անելու է՝ ոստիկանությունից եղած բոլոր դժգոհությունները փարատելու համար, սակայն տարիներ շարունակ նախորդ և ներկայիս ոստիկանապետին ուղղված իրենց բոլոր դիմումները մնում են անպատասխան.

«Մեր՝ բնակիչների  հոծ բազմությունը, վերջին փրկության հույսով, սեպտեմբերի 26-ին ցանկանում էր հանդիպել ոստիկանապետին, սակայն ոստիկանության շենքի մոտ երկար սպասելուց հետո կրկին չարժանացանք նրա ընդունելությանը: Երբ որոշեցինք բողոքի ակցիա անցկացնել հենց ոստիկանության գլխավոր մուտքի մոտ, իջավ  Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մուրադխանյանը և ասաց, որ  մեր բոլորի հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ», – պատմել է  Մաղաքյանը՝ նշելով, որ իրենք պնդել են, թե ուզում են անպայման հանդիպել ոստիկանապետ Գասպարյանին, սակայն Մուրադխանյանն ասել է, որ «ոստիկանապետը տեղյակ է ձեր բոլոր խնդիրներին»:

Մաղաքյանի խոսքով՝ իրենք ցանկանում են հանդիպել ոստիկանապետին և տեղեկացնել, որ պաշտոնյաները օրենք են խախտում, պառտակում են հանցագործությունը, սակայն պարզվում է, որ այս դեպքում էլ Գասպարյանն է խախտում նույն օրենքը՝ ընդունելություն չկազմակերպելով:

«Պարզվում է, որ մեր պաշտոնյաներից շատերը ուղղակի իմիտացիա են անում, թե ամեն ինչ անում են օրենքի շրջանակներում, սակայն իրականում ամեն ինչ անում են՝ օրենքը շրջանցելու ու խախտելու համար», – եզրափակել է Մաղաքյանը:

Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ՝ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն: