Home / Հայաստան / Ո՞վ է որսի հեղինակը. բնապահպաններն ասում են, որ սխալ մարդու են ձերբակալել

Ո՞վ է որսի հեղինակը. բնապահպաններն ասում են, որ սխալ մարդու են ձերբակալել

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները համոզված են, որ Խոսրովի անտառում որս և վայրագություններ անելու մեջ մեղադրավող Նորայր Սարգսյանն ընդամենը քավության նոխազ է ընտրված և ինքը չի կատարել այն որսը, որի հետքերը բնապահպանները անցյալ շաբաթ հայտնաբերել էին արգելոցում:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, որսագողը 1983 թվականին ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:

Բնապահպանները, սակայն,  հայտնել են, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, կասկածներ ունենալով, որ բացահայտվել է ոչ իրական մեղավորը՝ մեկնել են Գառնի և այցելել Նորիկ Սարգսյանի ընտանիքին։

Նախաձեռնության անդամների հետ զրույցում Նորիկ Սարգսյանը և Նորիկ Սարգսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները նշել են, որ վերջինս ոչ մի առնչություն չունի կատարված որսագողության հետ։

Նորիկի մայրը փաստել է, որ իր տղային տարել են քնչական բաժին և նա չի ունեցել փաստաբան: Այսօր առավոտյան ժամը 9.00-ին Նորիկ Սարգսյանը նորից ներկայացել է քնչական բաժանմունք՝ դարձյալ փաստաբան չունենալով:

Այդ իսկ պատճառով նրա հարազատները պահանջում են փաստաբանի պարտադիր ներկայություն հարցաքննության ժամանակ, հակառակ դեպքում դա կդիտվի իրավապահ մարմինների կողմից որպես օրենքի կոպիտ խախտում:

«Հաշվի առնելով երեկ Նորիկի ծանր բարոյահոգեբանական վիճակը, ոչ մի երաշխիք չկա, որ նրա նկատմամբ չի կիրառվի ճնշման մեթոդներ՝ կորզելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ», – նշում են «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն անդամները: