Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանին կոչ են արել «կառավարության գյամերը քաշել», կրկին զբաղվել Բամբակաշատի գործով

Տիգրան Սարգսյանին կոչ են արել «կառավարության գյամերը քաշել», կրկին զբաղվել Բամբակաշատի գործով

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին հիշեցրել է, որ 21 օր առաջ ինքը բանավոր հարցում էր արել Բամբակաշատում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանացագործության հետ կապված, բայց նամակը ստացել է բավական ուշ, երբ իր մտահոգության թեման արդեն անցել էր:

Արամ Մանուկյանը վարչապետին ասել է, որ դա անհարգալից վերաբերմունք է պատգամավորի նկատմամբ: ՀԱԿ-ի անդամը նման վերաբերմունք է նաև զգացել ԱԺ հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, երբ կառավարության ներկայացուցիչներին հարցեր էին ուզում տալ, իսկ նրանք կամ  հարցերին չէին պատասխանում կամ հենց այնպես պատասխանում, անցնում էին: Արամ Մանուկյանը վարչապետին հիշեցրել է, որ հենց այսօր ինքն էլ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պետք է մնար ԱԺ-ում, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իրեն հարցեր էր ուզում ուղղել, սակայն Տիգրան Սարգսյանը հեռացել է:

Դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Մանուկյանն ասել է, որ «այս հիմնարկի պատիվը նա առաջինը պետք է պահի»:

«Կառավարությունը ուզի, թե չուզի պատասխանատու է այս հիմնարկի առաջ, ինքը կարող է շատերին չպատասխանել, դա իր որոշելիքն է, բայց կառավարությունը տվյալ դեպքում և շատ դեպքերում հաշվետու է այս հիմնարկին: Պարոն վարչապետ, այն հարցերը, որոնք կապված են այստեղի հետ, պատգամավորների հարցի հետ կապված և առավել ևս, որ հանցագործության հետ կապված մտահոգություն կա…  ձերոնց գյամերը մի քիչ քաշեք: Կամ դուք էլ մի քիչ հարգանքով վերաբերվեք այս հիմնարկին», – ասել է Արամ Մանուկյանը:

Վարչապետը, դիմելով պատգամավորներին, առաջարկել է հարգալից լինել կառավարության անդամների նկատմամբ և նշել է, որ իրենք երբեք անհարգալից վերաբերմունք չեն դրսևորել պատգամավորների նկատմամբ:

«Չնայած պրովոկացիաներ այդ առումով բազմաթիվ եղել են, ընգդծված անհարգալից վերաբերմունք կառավարության անդամների նկատմամբ: Այս ամբիոնից հայտարարություններ, մեղադրանքներ և ուղղակի այնպիսի խոսքեր որոնք հարիր չեն ԱԺ-ին: Այդ ամենը մենք համբերատար լսում ենք, և ես խիստ հանձնարարական եմ տվել, որ չարձագանքեն այդպիսի արտհայտություններին, որոնք վիրավորական են ցանկացած հայ մարդու համար: Այսօր էլ մենք այդպիսի արտահայտություններ լսեցինք այս բարձր ամբիոնից՝ պետական բյուջեի հաշվետվությունը համարվում է աղբ: Ոչ մեկը չարձագանքեց», – ասել է վարչապետը՝ ակնարկելով Հրանտ Բագրատյանի ելույթը:

Անդրադառնալով Արամ Մանուկյանի հարցմանը՝  Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը հենց հարցման օրը հանձնարարական է տվել ոստիկանապետին, և վերջինս օպերատիվ իրեն զեկուցել է իրավիճակը, որպեսզի «պատգամավորի մտահոգությունը, որ հնչեցվել է այս դահլիճում, արժանանա իրենց ուշադրությանը, որպեսզի իրենք կանխարգելեն ինչ-ինչ զարագացումներ, որ կարող էին տեղի ունենալ»:

Արամ Մանուկյանը վարչապետին վերադարձրել է իրեն ուղարկված պատասխանը և խնդրել է  կրկին զբաղվել այդ հարցով, քանի որ, պատգամավորի խոսքով, այդ պատասխանի մեջ բովանդակային առումով բոլորովին ուրիշ բան կա՝ բոլոր նրանք, ովքեր հանցագործություն են կատարել, ստացվում է, որ միջադեպը կանխել են:

Վարչապետը չի համաձայնել Մանուկյանի գնահատականների հետ, բայց խոստացել է անպայման ստուգել և հանձնարարել ոստիկանապետին, որպեսզի նա ևս մեկ  անգամ ուշադիր ուսումնասիրի պատգամավորի կողմից բարձրացվող  հարցերը:

Բամբակաշատի դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ: