Home / Հայաստան / Ֆավորիտը՝ Սերժ Սարգսյանն է, մնացածը պայքարելու են 2-րդ տեղի համար. Շարմազանով

Ֆավորիտը՝ Սերժ Սարգսյանն է, մնացածը պայքարելու են 2-րդ տեղի համար. Շարմազանով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հայտարարության մեջ իր կարծիքն է արտահայտել, ինչի իրավունքը նա ունի, սակայն դա ոչ մի կերպ չի կարող ազդել Վարդան Օսկանյանի դեմ գործի քննության ընթացքի վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նախկին նախագահը ունի իր կարծիքը, մենք՝ մերը: Բազմիցս ասել ենք, որ սա իրավական խնդիր է և ԱԺ-ն հենց նրա համար է, որպեսզի իրավապահ մարմիններին հնարավորություն տա իրականացնել իրենց սահմանադրական պարտականությունները և իրավական հարցերը լուծել»,- պարզաբանել է Շարմազանովը՝ «անլուրջ» որակելով քաղաքական հետապնդման մասին վարկածները և ասելով, որ սա այն հարցը չէ, որի հաշվին ՀՀԿ-ն կփորձեր դիվիդենտներ հավաքել:

Շարմազանովը հրաժարվել է կարծիք հայտնել այն մասին, թե արդյոք Քոչարյանի հայտարարությունը կունենա ազդեցություն Օսկանյանի կամ ԲՀԿ կուասկցության վարկանիշի վրա:

«Բոլոր ընտրութունները ցույց են տվել, որ Հանրապետական կուսակցությունը փայլուն հաղթանակներ է տանում: Նույնը կրկնվելու է նաև փետրվարի ընտրություններին: Այնպես որ վարկանիշի բարձրացումը կարող է դեր խաղալ միայն երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնելու համար: Թող դրա համար պայքարը տանեն, առաջին տեղի ֆավորիտը գործող նախագահն  է»,- ասել է Շարմազանովը: