Home / Հայաստան / «Մահացել է ոչ մեր մեղքով». Կլինիկայի տնօրենը պատրաստ է դատի տալ «Շանթ» հեռուստաընկերությանը

«Մահացել է ոչ մեր մեղքով». Կլինիկայի տնօրենը պատրաստ է դատի տալ «Շանթ» հեռուստաընկերությանը

«Քանկոր» բուժկենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը դատական հայց է ներկայացնելու «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի դեմ, ով, նրա խոսքով, հոր մահվանից հետո զբաղված է բուժկենտրոնի սև PR-ով:

Բուժկենտրոնի տնօրենի հավաստմամբ այսօրվանից պետք է խորտակվի լրագրողի ամբողջ հեղինակությունը, ով աղմուկ է բարձրացրել միմիայն գումարի համար, ու հոր մահը օգտագործում է կենտրոնի հեղինակությունը վարկաբեկելու նպատակով: Խաչատրյանը նաև դիմելու է էթիկայի հանձնաժողով՝ այսօր «Շանթ» հեռուստաընկերությունից պահանջելով եթեր տրամադրել իրեն:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Քանկոր» բուժկենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը, ով նշել է, որ երեկվա աղմուկից հետո ոչ մի հեռուստաընկերություն իրեն եթեր չի տրամադրել ու մի քանի հեռուստաընկերությունների կողմից իրենց բուժկենտրոնին փնովող տեսանյութերում  երկրորդ կողմի կարծիքը չի հնչել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ իր համար անհասկանալի են իրենց բուժկենտրոնի դեմ երեկվանից սկսված միակողմանի քննադատությունն ու հերյուրանքները, որոնք հատուկ են տոտալիտար ռեժիմ ունեցող երկրներին:

«Մենք հասնելու ենք նրան, երբ բոլորը մեզ կլսեն ու նշանակություն չունի, որ այսօր մեր հրավիրած բոլոր հեռուստաընկերություններից մեկ-երկուսն են ներկայացել», – նշել է տնօրենը:

Նա ներկայացրել է Կարապետ Քեշիշյանի մահվան պատճառների իր վարկածը, ով բուժվել է իրենց կենտրոնում: Նշենք, որ երեկ Մանվել Քեշիշյանն իր կարծիքն է հայտնել դեպքի մասին:

Այսօր Խաչատրյանը պատմել է, որ սեպտեմբերի 23-ին Քեշիշյանն Աշտարակ քաղաքից սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ շտապ-օգնության մեքենայով տեղափոխվել ու ընդուվել է «Քանկոր» կլինիկա:

«Վիճակը գնահատվել է բավարար ծանրության, շտապ հետազոտվել է ու հաստատվել սրտամկանի ինֆարկտը: Այնուհետև միջազգային բոլոր ուղեցույցերի համաձայն առաջարկվել է գործողությունների մի շարան, որոնք նպատակ են ունեցել բուժական էֆեկտներ ստանալ հիվանդի մոտ», – պատմել  է բժիշկն ու հիշեցրել, որ  հիվանդության նման էտապում անհրաժեշտ է եղել ստենտավորում:

«Կարապետ Քեշիշյանին  «ստենտ» տեղադրելու մասին զրույցին ներկա չի եղել նրա որդի Մանվելը, ով այս ամբողջ աղմուկի հեղինակն է, ներկա են եղել նրա եղբայրն ու ընկերները: Նրանց ասվել է, որ հիվանդի  ողջ մնալու հավանականությունը եղել է 95-96 տոկոս ու այս մասին հիվանդի հարազատները տեղեկացվել են: Նրանց նաև ասվել է, որ դեղորայքային բուժման պարագայում շատ քչանում է ողջ մնալու հավանականությունը», – ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հիվանդի տերերի հետ խոսվել է վիրահատության անհրաժեշտության մասին ու նրանք մտածելու համար ժամանակ են խնդրել:

«15 րոպե դրսում մտածելուց հետո նրանք համաձայնություն են տվել՝ մատնանշելով  անգամ նախընտրած արժեքի «ստենտները», միայն թե փրկեն իրենց հարազատի կյանքը: Անգամ խոսվել է հիվանդի 5-6 տոկոս մահվան հավանականության մասին, ինչից հետո հարազատները բժշկի բացատրությունները ի գիտություն ընդունելու հավաստագիր են ստորագրել: Վիրահատությունը կատարվել է սեպտեմբերի 23-ին՝ հիվանդի տերերի բանավոր համաձայնությամբ, իսկ պայմանագիրը ստորագրել և վճարում կատարել են միայն հաջորդ օրը, այնինչ նրանք հայտարարել են, թե այդ պահին իրենք չեն իմացել՝ ինչ են ստորագրում», – պատմել է տնօրենը՝ հավաստիացնելով, որ բժիշկները հիվանդի հարազատներին ոչինչ չեն պարտադրել՝«ամեն ինչ եղել է երկու կողմերի փոխհամաձայնությամբ»:

Խաչատրյանը հավաստացրել է, որ ստենտավորումից հետո Քեշիշյանի վիճակը կայուն լավ է եղել:

«Այն, որ ասում են, թե վիրահատությունից հետո հիվանդն ուշքի չի եկել՝ սուտ է: Նա ամողջ գիշեր հանգիստ է եղել, առավոտյան վիճակը գնահատվել է բավարար՝ որևէ սրտաբանական խնդիր չի եղել: Հիվանդի մոտ գիտակցության լրիվ պահպանում է եղել, սակայն ավելի ուշ եկած հոգեբույժը պարզել է, որ նրա մոտ ոչ թե գիտակցության մթագնում է եղել, այլ՝  նախկինում եղած փսիխոզի սրված վիճակ՝ կապված շրջապատի ընկալման հետ: Ավելին ասեմ, հիվանդն այդ պահին ավելի ճիշտ էր պատասխանում հարցերին, քան նրա տղաները, ովքեր չգիտեին իրենց հոր ծննդյան ամսաթիվը», – պատմել է Խաչատրյանն ու ընդգծել,  թե համոզվելով, որ հիվանդի վիճակը կայուն է, տղաները կատարել են վճարումները:

«Մենք երեք «ստենտ» ենք դրել և բացատրել դրանց տեղակայումն ու նպատակահարմարությունը: 24-ի գիշերը լույս 25-ին նկատվել է ռիթմի աղմկում և կատարվել է կրկնակի կորոնոգրաֆիա ու պարզվել է, որ տեղադրված ստենտները հիանալի աշխատում են: Գիշերվա ընթացքում հիվանդի մի քանի անգամ վատանալու արդյունքում պարզվել է, որ մենք գործ ունենք մի բարդության հետ, որը ոչ թե «գերբնական է», ինչպես հայտարարել է այդ տղան (Մանվել Քեշիշյանը-խմբ.), այլ՝ «աբսուրդային, քիչ հանդիպող բարդության տարատեսակ»՝ առողջ կորոնար անոթի սպազմ, այսինքն, սպազմվել էր այն անոթը, որի վրա ոչ մի բժշկական գործողություն չէր կատարվել», – ընդգծել է Խաչատրյանն ու շեշտել, որ ի դժբաժտություն Մհեր Քեշիշյանի, իրենց մոտ որպես փաստ կա վիրահատության ամբողջ ձայնագրությունը:

«Ամբողջ գիշեր մենք փորձեցինք դեղորայքային բուժում անցկացնել կորոնար անոթի հետ, սակայն ապազմը կրկնվում էր ժամը մեկ: Վերջիվերջո՝ չորրորդ չարաբաստիկ սպազմվող անոթի մեջ, առանց հիվանդի հետ համաձայնեցման, դրվել է «ստենտ», քանի որ մենք նպատակ չենք ունեցել դրա մեջ փողային հաշվարկներ ներկայացնել իրենց: Դա մեր պարտքն ենք համարել՝ փրկել հիվանդի կյանքը», – պատմել է տնօրենն ու հիշեցրել, որ իրենք կատարել են հարյուրավոր թանկարժեք գործողություններ, որոնց մասին անգամ հիվանդի հարազատները չեն իմացել :

«Ոչ մի բժիշկ առավոտյան չէր ասելու, թե՝ «գիտե՞ս, պապայիդ փրկելու համար չորրորդ «ստենտն» եմ դրել»», -նշել է Խաչատրյանը՝ հարց ուղղելով, թե այսքանից հետո ինչի՞ դեմ է բողոքում նրա որդին՝ «այն, որ «ստենտ» է դրվել հիվանդանոցի հաշվի՞ն»:

Բուժկենտրոնի տնօրենը պատմել է, որ առավոտյան ժամը 6-ին՝ 4-րդ «ստենտի» տեղադրելուց հետո հիվանդի վիճակը նկատելի կայունացել է և  բժիշկը հորդորել է տղաներին տուն գնալ ու հանգստանալ:

«Ասել է՝ «մեղք եք տղեք, տանջվել եք, տուն գնացեք, 1-2 ժամ հանգստացեք»: Ի՞նչ է նշանակում, թե բժիշկը ասել է՝ «ամեն ինչ շատ լավ է, գնացեք տուն», իրենք էլ հավատացի՞ն ու գնացի՞ն: Այնուհետ, հիվանդին տեղափոխում են ռեանիմացիա՝ կրկնակի անոթի սպազմով, որից հետո հիվանդը մահանում է: Ժամը 7-7.30, արդեն մահացածի հարազատները մտնում են հիվանդանոց, բժիշկը հայտնում է վատ լուրը, մահացածի տղան շատ շնորհակալություն է հայտնում մեր աշխատանքի համար՝ շեշտելով, թե տեսել է իր հոր կյանքը փրկելու համար մեր կատարած աշխատանքն  այդ օրերին ու այս կերպ բաժանվել միմյանցից: Երկու ժամ անց՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայից զանգ եմ ստանում, որի մասին ոչ մի տեղ չի նշվում, ու ինձ ասում է, թե այդ տղաները ոչինչ չունեն քո դեմ, ուղղակի ամբողջը պարտքով են արել՝« եթե հնարավոր է՝ վերադարձրեք փողի մի մասը, որպեսզի հոգան թաղման ծախսերը», ես էլ համաձայնեցի», – պատմել է Խաչատրյանը՝ նշելով, որ առավոտյան տղաները գալիս են փողի ետևից:

«Ես ասացի, որ կդիմեմ հաշվապահությանն ու ծախսերը հաշվելուց հետո երկու օրից  կասեմ, թե ինչքան եմ վերադարձնելու: Գալիս են երկու օրից և ասում եմ, որ ամբողջ ծախսերը գերազանցում են 3 միլիոն 500 000 դրամը, ես էլ պարտավորվում եմ վարադարձնել 750.000-ը՝ չհաշված 4-րդ «ստենտի» գումարը: Ինձ պատասխանում են՝ «որ իմանայինք՝ սրա համար եք կանչել, չէինք գա»: Բացատրում եմ, թե «տղաներ, դուք եք որոշել որ արժեքի «ստենտը» տեղադրել ու մնացածը», հետո խոսում եմ հաշվապահի հետ ու գումարը հասցնում 1միլիոնի, և  տղաներին խնդրում եմ դիմում գրել, որպեսզի մակագրեմ ու դրամարկղից գումար հանենք, այնինչ աշխարհի որևէ կլինիկայում գումար  չեն վերադարձնում: Մանվելը դրամարկղից  բարձրանում, թուղթը թափահարելով ասում է՝ «դու չգիտես, որ ես ժուռնալիստ եմ ու իմ բոլոր ժուռնալիստական հնարավորությունները պետք է օգտագործեմ, որպեսզի ոչնչացնեմ ձեր կլինիկան, կամ էլ մինչև վերջ վճարում եք փողը: Ասում եմ՝ «դու սխալ ճանապարհի վրա ես, նոր ես սկսում կարիերադ, եթե ես սխալ եմ, ուրեմն դատի տուր ինձ», նա էլ ասում ՝«ոչ, ես գիտեմ, որ ոչ մի շանս չունեմ դատարանում շահելու, բայց քանի որ ժուռնալիստ եմ, վարկաբեկելու եմ ձեզ», ասացի՝« ես էլ մեծ հնարավարություններ ունեմ», նա ասում է՝ «դու քոնն արա, ես՝ իմը», ու մենք բաժանվում ենք», – պատմել է տնօրենն ու ընդգծել, որ այնուհետ տեղի է ունենում երեկվա աղմուկը՝« մի տղա, ով  հիվանդանոցում ոչ մի օր հոր կողքին չի եղել և  հանկարծ հայտնվում ու ներկայացնում է այնպիսի խոսակցություններ, որոնք ոչ մի ձևով իր հետ կապված չեն ու իրականությանը չեն համապատասխանում»:

«Երեկ  մի քանի հեռուստատաընկերություններ ուղղակի ցեխ են շպրտում մեր կլինիկայի վրա ու «Շանթի» եթերում Արամ Աբրահամյանն հայտարարում է, թե «5 տարի առաջ պետությունը մեր կլինկային զրկել է պետպատվերից, այնինչ մեր կլինիկան ընդամենը 6 ամիս է գործում», – եզրափակել է Խաչատրյանը՝ նշելով, որ այս հայտարարությունը արվել է հին, կարկառուն լրագրողի կողմից և այս ամենը մոտ է կրիմինալին:

Նա նաև ավելացրել է, որ ինքը հասնելու է այն աստիճանի, որպեսզի բոլորը, ովքեր վիրավորել են իր կլինիայի համբավը, պատասխանատվության ենթարկվեն: Նա հայտարարել է, որ պատրաստ է դատի տալ «Շանթ» հեռուստաընկերությանը, ինչպես նաև Քեշիշյանին և Արամ Աբրահամյանին: