Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ցույց տվեց՝ ով է իրավիճակի տերը, Քոչարյանը վարչապետի պաշտոնն է ուզում. Սաֆարյան

Սերժ Սարգսյանը ցույց տվեց՝ ով է իրավիճակի տերը, Քոչարյանը վարչապետի պաշտոնն է ուզում. Սաֆարյան

Վարդան Օսկանյանին մեղադրյալ ներգրավելով և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, թե ով է իրավիճակի տերը: Այս մասին լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշել է, որ այժմ ԲՀԿ-ին մնում է միայն առաջադրել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին, քանի որ պարտության դեպքում էլ՝ Ծառուկյանը կունենա իշխանությունում լինելու երաշխավորված հնարավորություն:

Սաֆարյանի խոսքով՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումներն ԱԺ-ում քոչարյանամետ ԶԼՄ-ներում լուսաբանվել են՝ ուղեկցվելով վրդովմունքով առ այն, որ ԲՀԿ առաջնորդը ոչ մի դիրքորոշում չի հայտնում:

Բանախոսը հիշեցրել է, որ  Ծառուկյանը նույնիսկ քվերակության օրը չէր ներկայացել ԱԺ, և նկատել, որ ԲՀԿ-ում Օսկանյանի գործից հետո խորանում է երկու ճամբարների՝ Քոչարյանի և Ծառուկյանի թևերի տարբերակումը:

Եթե ՀԱԿ-ը շարունակի համագործակցել ԲՀԿ-ում ծառուկյանական թևի հետ, ապա Քոչարյանը կհայտնվի լրիվ խաղից դուրս վիճակում, կարծիք է հայտնել Սաֆարյանը: Բանախոսը բացառել է, որ ՀԱԿ-ը կպաշտպանի Օսկանյանին առաջադրելու դեպքում:

«Ճանաչելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ես վստահ եմ որ Օսկանյանին նա չի ների մարտի 1-ի համար», – ասել է Սաֆարյանը:

Մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը Օսկանյանին սատարելու մասին՝ Ստյոպա Սաֆարյանը ասել է, որ դա «թույլ էր», քանի որ, ըստ Սաֆարյանի,  Քոչարյանը գիտակցում է, որ ուժերը անհամարժեք են:

«Քոչարյանը գնահատեց Օսկանյանի գործը որպես երկրի միջազգային վարկին  վնասող միջադեպ: Նա խուսափեց ԲՀԿ կամ այլ բառեր օգտագործելուց: Հայտարարությունը մասամբ հիշեցնում է զինադադարի կոչ»,- ասել է Սաֆարյանը:

Սաֆարյանի ասել է, որ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կոնֆլիկտը հետևյալն է. Քոչարյանը ուզում է վարչապետի պաշտոնը, Սարգսյանն ասում է ոչ թե «ոչ», այլ «ոչ հիմա»: