Home / Հայաստան / Վրաստանի ընտրությունները կնպաստեն ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը. ՀՀ ԱԳ նախարար

Վրաստանի ընտրությունները կնպաստեն ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարարությունը համոզված է, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով «Արմնյուզ» հեռուստաընկերության խնդրանքին՝ մեկնաբանել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները:

«Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունն ամրապնդող կարևոր օղակ են:

Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»,- ասել է Նալբանդյանը: