Home / Հայաստան / «Կազմակերպված հանցագործություն Գասպարիի դեմ». դատարանում կարդացին մեղադրական ճառը

«Կազմակերպված հանցագործություն Գասպարիի դեմ». դատարանում կարդացին մեղադրական ճառը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նիստին մեղադրող դատախազը՝ Արմեն Աֆանդյանը, հանդես է եկել մեղադրական ճառով: Նա ասել է, որ Գասպարին հայհոյել է, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ, ուստի նրա վարքում եղել են խուլիգանության հատկանիշներ:

Հիշեցնենք, որ Գասպարին ասել է, թե դա հետևել է ակտիվիստ Լալա Ասլիկյանի նկատմամբ ոստիկանապետի կողմից բռնություն կիառելուն: Այնուամենայնիվ, մեղադրողը միջնորդել է Գասպարիին պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

«Ես սա գնահատում եմ, որպես կազմակերպված հանցագործություն իմ դեմ: Իսկ դատախազ Աֆանդյանը ներկայացնում է հենց այն հանցախումբը, որի դեմ պայքարում ենք», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Վարդգես Գասպարին:

Ըստ նրա՝ գործը շատ «փնթի կերպով է սարքվել», վկաները հակասական ցուցմունքներ են տվել, բերել իրար հակասող տեսակետներ: Օրինակ, ոստիկան Արթուր Բաղդասարյանը նախ գանգատվել է, թե Գասպարին հարվածել է իրեն և ինքը ստացել է ուղեղի ցնցում, ապա ասել է, որ ոչ մի առողջական խնդիր չի ունեցել միջադեպի արդյունքում:

Ակտվիստը շեշտել է, որ եթե իր կամ այլ հասակական գործունեությամբ զբաղվող մարդկանց դեմ դատական գործերը նման անփութությամբ են քննվում և դատարանը չի հոգում արդարադատության մասին, ապա կարելի է պատկերացնել շարքային քաղաքացիների դատական գործերի քննությունը, երբ հրապարակայնություն էլ չի խանգարում իրավապահներին:

Հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 18-ին, որի ընթացքում Գասպարին իր ճառն է կարդալու: