Home / Հայաստան / ԱԺ պատգամավորը չի ցանկանում ի սկզբանե բացասական լիցքերով վերաբերվել Իվանիշվիլիին

ԱԺ պատգամավորը չի ցանկանում ի սկզբանե բացասական լիցքերով վերաբերվել Իվանիշվիլիին

Վրաստանի «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայերի մասին արված հայտարարությամբ չպետք է կանխորոշվեն հայ-վրացական դիվանագիտական փոխհարաբերությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ  Տաճատ Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ Իվանիշվիլին New Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր. «Այ, մեզ մոտ ապրում են հայերը: Ես զարմանում եմ՝ իրենց հայրենիքը կողքն է, իսկ իրենք այստեղ են ապրում», որից հետո նշել էր, որ իր խոսքից որոշ հատվածներ հանվել էին և ասածի միտքը խեղաթյուրվել էր:

«Ընդհակառակը, կարծում եմ, որ դեռ քաղաքական հասունացում է սպասվում, որվհետև այս նոր թիմը կարծես թե չի անցել այդ բովով և քաղաքական հեռատեսությունը բոլոր դեպքերում պետք է իր նվաճումները ունենա: Կարծում եմ, որ դա պարզապես անզգույշ հայտարարություն է եղել և եթե հերքում է տվել, այդ հերքման մեջ նաև զղջում կա, այնպես որ հենց ի սկաբանե չեմ ուզում բացասական լիցքերով, վատ տրամադրվածությամբ ուղղորդել այդ հարաբերությունները»,- ասել է Վարդապետյանը:

Ասուլիսին մասնակից «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը նշել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները Ջավախքի նկատմամբ որևէ լուրջ  մտարդրություն չունեն:

Նրա խոսքով՝ և՛ Սահակաշվիլիին, և՛ Իվանիշվիլիին Ջավախքի հ/կ-ները հրավիրել են նախընտրական հանդիպման, սակայն երկուսն էլ հրաժարվել են գնալ, ինչից Ալվրցյանը ենթադրում է, որ ազգային փոքրամասնությանը՝ տվյալ դեպքում հայությանը, նրանք ասելիք չունեն, իսկ դա շատ վտանգավոր է: